Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում խստագույնս պահպանել հակահամաճարակային կանոնները

12:20, 20 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում խստագույնս պահպանել կորոնավիրուսի հակահամաճարակային կանոնները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս վարչապետն ասաց օգոստոսի 20-ի կառավարության նիստի ընթացքում:

«Մենք անհատական պատասխանատվության մակարդակում մեր զգոնությունը պահանջվածից և իրատեսականից մի փոքր ավելի ենք թուլացրել: Իմ կոչն է մեր հայրենակիցներին՝ առավելագույնս պահպանել հակահամաճարակային կանոնները, այդտեղ առանցքային նշանակություն ունի դիմակի կրման պայմանների պահպանումը: Հաշվի առնելով նաև այն, որ այդ պայմանները բավականին թուլացվել են»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ կորոնավիրուսով պայմանավորված՝ իրավիճակը շարունակում է համարել խնդրահարույց:

Օգոստոսի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 42 319 դեպք, որոնցից 35 476-ն` առողջացած, 836-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5756 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 190 560 թեստավորում:

Նորայր Շողիկյան


© 2009 ARMENPRESS.am