Հայաստանը միացել է Կրոնական ազատության միջազգային դաշինքի՝ համավարակի վերաբերյալ հայտարարությանը

19:13, 25 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը միացել է Կրոնական ազատության միջազգային դաշինքի՝ նոր տիպի կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ հայտարարությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Ճգնաժամը, որին բախվել է միջազգային հանրությունը, այլևս գլոբալ բնույթ է կրում, և COVID-19-ի հասցեագրմանն ուղղված որևէ միջոցառում չպետք է ծառայի որպես հասարակության որևէ անդամի, ներառյալ մարդու իրավունքների պաշտպաններին, լրագրողներին և լրատվական դաշտի ներկայացուցիչներին լռեցնելու, թիրախավորելու կամ հալածելու արդարացում: 

Նույնիսկ համավարակի ընթացքում պետությունները հաշվետու են իրենց կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների համար՝ երաշխավորելու հարգանքը մարդու իրավունքների, այդ թվում կրոնի և հավատքի ազատության նկատմամբ, որոնք հույժ կարևորություն են ձեռք բերում ազգային ճգնաժամերի ժամանակ՝ խրախուսելով համավարակի կառավարման ուղղությամբ ակտիվ ջանքերի գործադրումը»:


© 2009 ARMENPRESS.am