ԲՏԱ ոլորտում շոշափելի աճ ունենալու ցուցանիշներ են արձանագրվել

12:59, 26 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ոլորտում 2020 թվականին շոշափելի աճ ունենալու ցուցանիշներ է արձանագրել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը:

«Ոլորտը բնութագրող ցուցանիշները ոչ միայն չեն նվազել, այլ նաև պահպանել են դինամիկ աճի տեմպերը: Դրանք մեզ հուսադրում են, որ մենք 2020թ. բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտում շոշափելի աճ կունենանք: Համավարակը ոչ միայն չի խոչընդոտել նախարարության կողմից ենթակառուցվածքների ձևավորման գործընթացի իրականացմանը, այլև կարողացել ենք հաջողությամբ իրագործել մեր առջև դրված մարտահրավերները»,- ասաց Արշակյանը:

Նախարարը նշեց, որ համավարակը խոչընդոտել է միայն միջազգային ցուցահանդեսներին ԲՏԱ նախարարության մասնակցությանը, քանի որ ցուցահանդեսների մի մասը չեղարկվել է, կամ տեղաշարժի սահմանափակումներով պայմանավորված խնդիրներ են առաջացել:

Նորայր Շողիկյան


© 2009 ARMENPRESS.am