«Արարատ-Արմենիան» Եվրոպայի լիգայի երկրորդ փուլում կմրցի Լյուքսեմբուրգը ներկայացնող թիմի հետ  

15:43, 31 Օգոստոս, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարական Նիոն քաղաքում կայացավ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիան», որը դուրս մնաց Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, Եվրոպայի լիգայի երկրորդ փուլում կմրցի Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ֆոլա Էշի» հետ: Հանդիպումը կկայանա Երևանում:

Հայաստանի կրկնակի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում Երևանում ընդունել էր կիպրական «Օմոնիային»: Լրացուցիչ ժամանակում «Օմոնիայի» ֆուտբոլիստները կարողացան իրացնել իրենց հնարավորությունը: 94-րդ րոպեին դիպուկությամբ աչքի ընկավ Տիագոն: Հետագայում «Արարատ-Արմենիան» մնաց 10 ֆուտբոլիստով. երկրորդ դեղին քարտը ստացավ և հեռացվեց Հումանեսը: «Օմոնիան» հաղթեց նվազագույն հաշվով՝ 1:0:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը


© 2009 ARMENPRESS.am