Հայաստանում գրանցվել է COVID-19-ի 277 նոր դեպք, 57 պացիենտ առողջացել է, 2-ը՝ մահացել

11:07, 20 Սեպտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սեպտեմբերի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 47 431 դեպք, որոնցից 42608-ն` առողջացած, 930-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից նույն օրվա րությամբ փաստացի բուժում է ստանում 3 606 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 263 608 թեստավորում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, սեպտեմբերի 19-ին կատարվել է 3 944 թեստավորում, որով հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 277 նոր դեպք: 57 մարդ առողջացել է:

Նույն օրը մահացել է 2 պացիենտ. 76 և 66 տարեկան տղամարդիկ ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 287 է:

Կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով, մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:


© 2009 ARMENPRESS.am