«Ոսկե ծիրանը» հարգանքի տուրք է մատուցում Ֆելինիի և Գուեռայի 100-ամյա հոբելյաններին

14:03, 27 Նոյեմբեր, 2020

 ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում տրվեց Ֆեդերիկո Ֆելինիի և Տոնինո Գուեռայի 100-ամյա հոբելյաններին նվիրված ծրագրի մեկնարկը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագիրն ազդարարվել էր դեռևս այս տարեսկզբին: Ֆելինիի ծննդյան օրը Հայաստանում Իտալիայի դեսպանությունը, «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը և «Դանթե Ալիգիերի» ասոցիացիայի երևանյան մասնաճյուղը համատեղ սկսեցին Ֆեդերիկո Ֆելինիի և Տոնինո Գուեռայի 100-ամյա հոբելյաններին նվիրված ֆիլմերի ցուցադրությունների և միջոցառումների շարքը։

Ծրագիրը շարունակվում է Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում։ Նոյեմբերի 26-ին Կինոյի տանն անցկացվեց Զավեն Սարգսյանի «Տոնինո Գուեռա-100» լուսանկարչական ցուցահանդեսը՝ հարգանքի տուք մատուցելով մշակույթի մեծ գործիչ, «Ոսկե ծիրանի» հավատարիմ բարեկամ Զավեն Սարգսյանի հիշատակին։ Դրան հաջորդեց «Ամարկորդ» ֆիլմի (սցենարի հեղինակ՝ Տոնինո Գուեռա, բեմադրող ռեժիսոր՝ Ֆեդերիկո Ֆելինի) ցուցադրությունը:

«Ոսկե ծիրանի» համահիմնադիր և միջազգային ծրագրերի խորհրդատու Սուսաննա Հարությունյանը ֆիլմի ցուցադրության մեկնարկին շնորհակալություն հայտնեց Հայաստանում Իտալիայի դեսպանությանը՝ աջակցության համար: Նրա խոսքով՝ այս օրերին հենց արվեստի շնորհիվ է հնարավոր լինում շարունակել ապրել, քանի որ արվեստը բոլորիս համար բացում է հույսի և լույսի ճանապարհ:

Ցուցադրության մասնակիցներին ողջունեց նաև Հայաստանում Իտալիայի Հանրապետության փոխդեսպան և ժամանակավոր հավատարմատար Ջիովաննի Դիոնիզին, ով նույնպես կարևորեց նախաձեռնության իրականացումը:

Ծրագրի շրջանակում կներկայացվեն «Եվ նավը լողում է» (սցենարի հեղինակ՝ Տոնինո Գուեռա, բեմադրող ռեժիսոր՝ Ֆեդերիկո Ֆելինի), «Հրաշագործի աշունը» (ռեժիսորներ՝ Ռուբեն Գևորգյանց և Վահե Գևորգյանց): Բոլոր ցուցադրություններն անցկացվում են Կինոյի տան փոքր դահլիճում: Միջոցառումների մուտքն ազատ է։


© 2009 ARMENPRESS.am