Ռուբեն Սաֆրաստյանի համոզմամբ՝ Թուրքիան չկարողացավ հասնել իր ամենակարևոր նպատակին

15:06, 11 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած  պատերազմում Թուրքիան չկարողացավ հասնել իր ամենակարևոր նպատակին, այն է՝ ռուսների հետ խաղաղապահ ուժեր տեղակայել Արցախի սահմանների ամբողջ երկայնքով: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավարի պաշտոնակատար, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Թուրքագետի խոսքով, Թուրքիայի ռազմավարական նպատակը տարածաշրջանն իր ազդեցության ոլորտ դարձնելն էր, ինչպես նաև Արցախի Հանրապետությունից բացի ծանրագույն հարված հասցնելն էր Հայաստանի Հանրապետությանը: Թուրքիայի մարտավարական նպատակն էր տեղակայել իր խաղաղապահ ուժերը ռուսական խաղաղապահ ուժերի հետ Արցախի սահմանների ամբողջ երկայնքով: Դա չհաջողվեց, ռուսական կողմը թույլ չտվեց:

«Հաջորդ նպատակն այն էր, որ թուրք զինյալներին, որպես ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնի անդամների, հնարավորություն տրվեր մուտք գործել Արցախ մոնիտորինգ անելու պատրվակով: Դա էլ կարծես չի հաջողվում, ռուսները դրան դեմ են և մոնիտորինգը պետք է իրականացվի տեխնիկական միջոցներով այդ կենտրոնից, այլ ոչ թե կենտրոնի թուրք ներկայացուցիչները մուտք գործեն Արցախի տարածք: Այս երկու նպատակները Թուրքիան չկարողացավ իրականացնել»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը: Թուրքիան հնարավորություն ստացավ մաս կազմելու մոնիտորինգի կենտրոնին, և դա այն մինիմումն էր, որ ռուսները թույլ տվեցին: Ըստ Ռուբեն Սաֆրաստյանի՝ դա, իհարկե, Թուրքիայի համար կարևոր է, որովհետև օրինական ձևով իրավունք ստացան Հարավային Կովկասում որոշակի գործողություններ իրականացնելու:

Այս ընթացքում, ըստ թուրքագետի, ականատես եղանք Ադրբեջանի նկատմամբ Թուրքիայի ազդեցության կտրուկ աճին, Ադրբեջանի ինքնուրույնության զգալի չափով կորստին՝ հօգուտ Թուրքիայի: Այդ հանգամանքն օգտագործելով՝ Թուրքիան հնարավորություն է ստանում իր զինված ուժերը տեղակայել Ադրբեջանում:

«Սպասում եմ, որ մոտ ապագայում Թուրքիան «կօրինականացի» իր ռազմական բազան Նախիջևանում և կսկսի բուն Ադրբեջանի տարածքում ռազմական կենտրոններ կառուցելը, չեմ բացառում, որ որոշակի հնարավորություն կստեղծի մոտենալու Կասպից ծովի ափերին»,-հավելեց նա:


© 2009 ARMENPRESS.am