Մինսկի խմբի ձևաչափում պետք է առաջ տանել արցախցիների ինքնորոշման իրավունքի ճանաչման հարցը.թուրքագետ

16:36, 11 Դեկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելությունը վերականգնելը շատ կարևոր է: Այն կարելի է օգտագործել Արցախի հետ կապված Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի կողմից ստորագրված փաստաթղթում եղած բացթողումները շտկելու համար: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավարի պաշտոնակատար, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Նա նկատեց, որ Ռուսաստանը հայտարարում է, որ հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափին: ԱՄՆ-ն, Ֆրանսիան նույնպես վճռական են Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելությունը վերականգնելու հարցում:

«Ես հույսեր եմ կապում այդ ձևաչափի հետ: Ի վերջո, սա այն ձևաչափն է, որը հնարավորություն տվեց տասնամյակներ պահպանել խաղաղությունը, թեպետ, Ադրբեջանն ինչ-ինչ նկատառումներից ելնելով գնաց ռազմական գործողությունների: ԵԱՀԿ Մինսկի խումբը մի ձևաչափ է, որտեղ կարող ենք շտկումներ անել այն ծանր պայմանների հետ կապված, որոնք մեզ պարտադրվեցին: Պետք է օգտագործել բոլոր  հնարավորությունները, որ փաստաթղթի հետ կապված բացերը լրացվեն: Այնտեղ շատ բան կա, որոնք պետք է ճշտել»,-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Դրանից բացի, ըստ թուրքագետի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ բանակցային գործընթացը պետք է Հայաստանը կարողանա առաջ տանել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման ուղղությամբ: Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, Հայաստանի դիվանագիտությունը հնարավորինս պետք է օգտագործի այդ ձևաչափն այդ կարևոր խնդիրն առաջ տանելու և դրական լուծելու համար:


© 2009 ARMENPRESS.am