«Լուսավոր Հայաստանն» ընդմիջում խնդրեց «Իմ քայլը» խմբակցության հետ բանակցելու համար

11:01, 18 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խնդրանքով խորհրդարանի նիստն ընդմիջվեց 20 րոպեով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մարուքյանը նշեց, որ ընդմիջումն անհրաժեշտ է «Իմ քայլը» խմբակցության հետ բանակցելու համար:

Մինչ այդ խորհրդարանը քննարկում էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր» սահմանելու մասին հայտարարության նախագիծն օրակարգում ներառելու հարցը, որին «Իմ քայլը» խմբակցությունը չէր ցանկանում հավանություն տալ:

«20 րոպե ընդմիջում եմ խնդրում՝ «Իմ քայլը» դաշինքի հետ բանակցելու համար»,- ասաց Մարուքյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը վերաբերում է Արցախյան վերջին պատերազմից հետո ստեղծված իրավիճակին և դրանից դուրս գալու քայլերին:


© 2009 ARMENPRESS.am