ՀՌՀ նախագահն արդար և թափանցիկ է գնահատում հեռուստաընկերությունների սլոթերի բաշխման մրցույթը

14:56, 27 Հունվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեռուստատեսության ու ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի գնահատմամբ` հեռուստաընկերությունների սլոթերի բաշխման մրցույթն անցել է արդար և առավելագույն թափանցիկ պայմաններում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Հակոբյանն ասաց հունվարի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Նոր մրցույթը կայացել է ըստ նոր օրենքի, որտեղ գնահատման չափորոշիչները շատ ավելի հստակ են և նվազեցնում են հանձնաժողովի անդամների սուբյեկտիվությունը: Մենք անցկացրել ենք առավելագույնս թափանցիկ և արդար մրցույթ, որի արդյունքում լիցենզիա են ստացել առավելագույնս ուժեղ, մրցունակ, նախորդ 10 տարվա մեջ իրենց գործողությունները ճիշտ կատարած և լավ ծրագիր ներկայացրած հեռուստաընկերությունները»,- ասաց Հակոբյանը:

Նա հավելեց, որ որևէ ճնշում չի եղել հանձնաժողովի վրա:

«Ցանկացած ոք, քաղաքական ուժ, կարող է ներկայացնել իր պատկերացումները, սակայն որևէ պարտադրանք կամ լոբբինգ մենք չենք տեսել, ինչը ևս շատ կարևոր առաջխաղացում է, եթե համեմատենք նախորդ մրցույթների հետ»,- նշեց Տիգրան Հակոբյանը:

 


© 2009 ARMENPRESS.am