Անգինե Իսանյանսի «Շեմից այն կողմ» կինոնկարն ընդգրկվել է միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում
11:12, 4 Փետրվար, 2021ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Անգինե Իսանյանսի «Շեմից այն կողմ» կարճամետրաժ կինոնկարը ներառվել է Կլերմոն Ֆերան միջազգային փառատոնի (Festival International du court métrage de Clermont-Ferrand) մրցութային ծրագրում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի ազգային կինոկենտրոնը:
Կլերմոն Ֆերան միջազգային փառատոնը (Festival International du court métrage de Clermont-Ferrand) կարճամետրաժ ֆիլմերի աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոnներից մեկն է, որն անցկացվում է Ֆրանսիայի Կլերմոն Ֆերան քաղաքում և ունի կարճամետրաժ կինոնկարների ամենամեծ կինոշուկան: Այս տարի դրան մասնակցում է 9 հայկական ֆիլմ: 5-ը նկարահանվել են Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ:
«Շեմից այն կողմը» Իսանյանսի դեբյուտային աշխատանքն է, սոցիալական դրամա է, որը 2019 թվականին ստացել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությունը:
Ոստիկանության դիմած անձն անտեսվում է ոստիկանների կողմից, ոստիկանների ոչ օբյեկտիվ և նույնիսկ հեգնական վերաբերմունք է նկատվում նրա նկատմամբ: Նման վերաբերմունքի է արժանանում նաև երիտասարդ ոստիկանը՝ Արմենը, որն անհանգստանում է տուժածի համար: Մյուս երկու ոստիկանները վնասողի հանդեպ համակրանք են տածում: Այս ընթացքում չենք տեսնում տուժածին, սակայն ոստիկանների խոսակցությունից հասկանում ենք նրա կին լինելը և այն, որ փախել է տնից:
© 2009 ARMENPRESS.am