ԶԼՄ-ները տարածում են այնպիսի տելեգրամյան ալիքների տեղեկություններ, որոնք հնարավոր չէ նույնականացնել

12:06, 4 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զանգվածային լրատվության միջոցները տարածում և գովազդում են այնպիսի աղբյուրներ, որոնց կառավարման և ստեղծման նպատակների մասին որևէ մեկը ոչինչ չգիտի:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Խնդրահարույց փոփոխություններ ԶԼՄ օրենքում. ինչպես է կարգավորվելու ԶԼՄ-ների աղբյուրների անանունության իրավունքը» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը:

Պատգամավորը նշեց, որ իրական լրատվամիջոցների կողմից գովազդվում են կամ տարածվում են այնպիսի տելեգրամյան ալիքների և ֆեյսբուքյան էջերի տեղեկությունները, որոնք հնարավոր չէ նույնականացնել:

«Փաստացի, այդ աղբույրները դառնում են ավելի հայտնի և ավելի լեգիտիմ աղբյուրներ  սպառողների համար, քան բուն լրատվամիջոցները:  Օրինակ` պայմանական 30 հոգի խմբագրակազմ ունեցող լրատվական կազմակերպությունը գեներացնում է տեղեկատվություն, հարցազրույցներ և այլն, և դրան զուգահեռ մի տելեգրամյան ալիք, որը չգիտենք, թե որտեղից է կառավարվում և որտեղ է բացված, սկսում է տարածել մի տեղեկություն (ճիշտ, սխալ, սենսացիոն),  դառնում է ավելի լեգիտիմ և հայտնի տեղեկատվության աղբյուր՝ շնորհիվ իրական լրատվամիջոցների, քան իրական լրատվամիջոցներն են»,- ընդգծեց Հովհաննիսյանը:

Պատգամավորն այդ հարցում ազգային անվտանգությանը վերաբերող լուրջ ռիսկեր է տեսնում, որովհետև, շատ հնարավոր է, որ այդ աղբյուրները բացվել են հակառակորդ երկրի կողմից, որոնք տարածում են տեղեկություններ՝ երկրում անկայունություն, վախի մթնոլորտ ստեղծելու և մի շարք այլ նպատակներով:


© 2009 ARMENPRESS.am