ՀՀ տուրիստակաները ՌԴ շուկայից առաջին ծիլերն են տեսնում.ակնկալում են ակտիվ գովազդ, տոմսերի կայուն գներ

09:00, 9 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում 2020 թվականին համավարակով պայմանավորված լուրջ տնտեսական դժվարություններից հետո, բազմաթիվ երկրներ գնում են սահմանափակումների մեղմացման: Փորձ է արվում ինչ-որ ձևով ակտիվացնել հատկապես զբոսաշրջության ոլորտը: Որոշ պետություններ մուտքի համար սահմանել են երկու դեղաչափով պատվաստված լինելու պահանջը, այլ պետությունների պարտադիր պահանջների թվում է կորոնավիրուսի 72 ժամ վաղեմության թեստի պատասխանը և այլն: Հայաստանը որոշում ընդունեց, ըստ որի` Հայաստանի տարածք մուտք գործելիս ներկայացվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ սահմանային անցակետում իրականացվում է նմուշառում և տրվում է ինքնամեկուսացման հրահանգ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը: Նախկինում նշված պահանջը ներկայացված էր միայն օդային սահմանային անցման կետերում, այժմ արդեն նույն պայմաններով ցամաքային կետով նույնպես ցանկացողները կարող են գալ Հայաստան:

Ընթացիկ տարվա փետրվարի 1-ից Հայաստանն ու Ռուսաստանն օդային սահմանները բացեցին՝ գործարկելով «Ճամփորդիր առանց COVID-19-ի» ծրագիրը: Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Հայաստանը ռուսաստանցի զբոսաշրջիկների գարնանային նախընտրելի ուղղությունների թվում է: Այս քայլերի առաջին ծիլերն արդեն նկատելի են: Հայաստանյան ներգնա տուրիզմով զբաղվող տուրիստականները սկսել են քիչ-քիչ գարնան, ամռան ամիսների համար հարցումներ ստանալ: «Yeraz Travel & Tour» ընկերության Հայաստանի գրասենյակի գլխավոր մենեջեր Հեղինե Մանուկյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ արդեն ունեն Ռուսաստանից հարցումներ, հետաքրքրություններ, սակայն հիմնականում ամռան համար են հարցնում:

«Մեր ռուսաստանյան գործընկերները ցանկանում են արդեն փորձված հյուրանոցները, սակայն, գիտեք, որ երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված մի շարք հյուրանոցներ փակվեցին: Մենք փորձում ենք այլընտրանքային տարբերակներ առաջարկել: Ասեմ, որ մինչ այդ՝ Ամանորին, ունեցել ենք երկու ընտանիք, կրկին Ռուսաստանից: Քանի որ մեր գրասենյակը գտնվում է Լիբանանում, այս ընթացքում սփյուռքահայերը չեն թողել, որ շատ տխրենք: Կամաց-կամաց սկսում են հարցումներն ակտիվանալ»,-ասաց Հեղինե Մանուկյանը: Վերականգնվելու համար տուրիստական ընկերությունը մշակում է նոր փաթեթներ, նոր առաջարկներ՝ ստանդարտներից դուրս:

«Ապագա տուր» ընկերության համահիմնադիր Իրինա Չիբուխչյանի խոսքով, ներկայում միայն անհատական հարցումներ են: Դիմում են նրանք, որոնք նախկինում աշխատել են այս տուրիստականի հետ ու վստահում են: Հարցումները կրկին հիմնականում Ռուսաստանից են: Այս փուլում Եվրոպայից դեռ ոչ մի դիմում չունեն: Հարցումներ կան, սակայն ըստ տուրիստական ընկերության ներկայացուցչի՝ Ռուսաստանում բավարար չափով չգիտեն, որ Հայաստանը բաց է ճանապարհորդության համար:

«Նախորդ շաբաթ կապ եմ հաստատել Ռուսաստանում մեր գործընկերների հետ, և ստացվում է՝ այնտեղ տեղեկություն չունեն այն մասին, որ Հայաստանը հասանելի է զբոսաշրջության համար: Տեղյակ չեն, որ բաց են թռիչքները, որ Հայաստան գալու համար անհրաժեշտ է միայն կորոնավիրուսի թեստի բացասական պատասխանը: Իրազեկվածության պակասի պատճառով էլ Ռուսաստանի տուրիստական ընկերությունները քաղաքացիներին դեպի Հայաստան ուղղությունը չեն առաջարկում: Սա այն հարցն է, որը պետք է կարգավորվի պետական մակարդակով: Լուրջ տեղեկատվական արշավ պետք է անցկացվի, որ մարդիկ իմանան՝ Հայաստանը բաց է ճանապարհորդության  համար»,-ասաց Իրինա Չիբուխչյանը: Նրա խոսքով, պետությունը պետք է ունենա զբոսաշրջային կոնկրետ քաղաքականություն: Ոլորտի համար պետք է լինի պատասխանատու, որը մյուս երկրների ոլորտի իր գործընկերների, պատասխանատուների հետ ակտիվ կաշխատի:

«Այն երկրներում, որտեղ ակտիվ պատվաստումներ են իրականացվում, այնտեղ բնակիչները պատրաստ են երկրից դուրս գալ: Իսրայելը պատվաստումներն ավարտում է փետրվարի վերջին, Մեծ Բրիտանիան՝ մարտին, Եվրոպայում այդ հարցում արագ առաջ են շարժվում, Վրաստանը բացել է սահմանները նրանց համար, ովքեր երկու դեղաչափով պատվաստում են անցել»,-ասաց Իրինա Չիբուխչյան՝ ընդգծելով, որ Հայաստանը պետական մակարդակով պետք է ակտիվ աշխատի:

«EL Tour» տուրիստական գործակալություն մարկետինգի գծով պատասխանատու Հասմիկ Սարդարյանը նկատեց, որ, իհարկե, ողջունելի կլինի միջազգային շուկայում Հայաստանի կողմից ցանկացած գովազդ, սակայն փորձը ցույց է տալիս, որ տուրօպերատորներն այդ ուղղությամբ ավելի շատ են աշխատում:

«Միջազգային ցուցահանդեսներին շատ դժվար ենք մարդկանց բացատրում, թե որտեղ է Հայաստանը, ինչ է առաջարկվում: Դա խոսում է այն մասին, որ Հայաստանը բավարար չափով չի գովազդվել: Որպես տուրիստական ընկերություն` մեր ակնկալիքն այն է, որ ուղևորափոխադրումներն ու տոմսերի արժեքը լինեն կայուն: Եթե դրանք լինեն կայուն, ապա կարծում եմ, որ անպայման տուրիստներ կունենանք: Հայաստանը միշտ էլ հետաքրքրություն ներկայացրել է»,-ասաց Հասմիկ Սարդարյանը:

«EL Tour» տուրիստական գործակալությունը նույնպես արդեն գարնան համար հարցումներ ունի: Ներկայի տեմպերը նախորդ տարիների հետ համեմատելու չեն: Ներկայում ամեն ինչ անում են, որ ինչ-որ չափով վերականգնվեն: Փետրվարի 12-16-ը սպասում են ռուսական տուրօպերատորների խմբի: Տոմսերի թանկացման պատճառով նախատեսած թվով հյուրեր չեն ունենա, սակայն սպասվող խմբի հետ նույնպես ակտիվ աշխատելու են՝ ներկայացնելու զբոսաշրջային հնարավորությունները: Առաջարկվող ուղղությունները տարբեր են՝ ճանաչողական, արկածային, մշակութային, խոհանոց և այլն:

Աննա Գզիրյան


© 2009 ARMENPRESS.am