Ինստիտուցիոնալ ներդրողները հավատում են ՀՀ տնտեսական ապագային. Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել

13:34, 9 Փետրվար, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ինստիտուցիոնալ ներդրողները հավատում են Հայաստանի տնտեսական և քաղաքական ապագային:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վարչապետն ասել է Էկոնոմիկայի նախարարությունում հրավիրած խորհրդակցության ընթացքում:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2020 թ. ընթացքում կորոնավիրուսի համավարակը և պատերազմը դարձան ճգնաժամի պատճառներ՝ վտանգելով երկրի տնտեսությունը, սակայն կառավարությանը հաջողվեց կառավարել կորոնավիրուսի ճգնաժամը, իսկ պատերազմի ընթացքում խուսափել մակրոտնտեսական փլուզումից:

«Մենք կարողացանք պահպանել մակրոտնտեսական կայունությունը, այդ կայունության միջազգային ճանաչում ստանալ եվրոպարտատոմսերի հաջող թողարկման միջոցով: Ամենատեսանելի և շոշափելի գնահատականն ինստիտուցիոնալ ներդրողների մոտեցումն է, երբ երկրին, կառավարությանը վստահում են իրենց ներդրումները: Ի վերջո, սա վստահության կարեւոր ցուցիչ է: Այս թողարկումը հաջողվեց իրականացնել Հայաստանի պատմության համար ամենացածր տոկոսադրույքով: Սա նշանակում է, որ ինստիտուցիոնալ ներդրողները հավատում են Հայաստանի առաջին հերթին տնտեսական, հասկանալիորեն նաև՝ քաղաքական ապագային»,- նշել է Փաշինյանը:

Վարչապետը նախարարության աշխատակազմի հետ քննարկել է նաև հետագա անելիքները:


© 2009 ARMENPRESS.am