Գյուտի կարճաժամկետ արտոնագիրը կտրվի ավելի արագ և քիչ ծախսերով. ԱԺ-ն ընդունեց օրինագիծը

10:56, 3 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Արտոնագրերի մասին օրենքի և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով, ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում էր հնարավորություն ստեղծել ավելի արագ և քիչ ծախսերով ստանալու գյուտի կարճաժամկետ արտոնագիր՝ 10 տարի ժամկետով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը հեղինակել է ՀՀ կառավարությունը:

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը նախագծի ներկայացման ընթացքում նշեց, որ Արտոնագրերի մասին օրենքի նախագծով նախատեսվում է հստակեցնել պահպանման փաստաթղթերի ձևերը, որոնց հիման վրա ՀՀ-ում իրականացվում է գյուտերի իրավական պահպանությունը:

«Միևնույն ժամանակ, օրենքից դուրս ենք հանում «օգտակար մոդել» հասկացությունը, դրա փոխարեն ներդրվում է «գյուտերի կարճաժամկետ արտոնագիր» պահպանման փաստաթղթի նոր ձևը: Գյուտերի կարճաժամկետ արտոնագիրը թույլ է տալիս առավելագույնը 10 տարի ժամկետով գրանցել գյուտը: Այս մեթոդիկան համահունչ է ԵՄ և այլ երկրներին»,- ասաց Սիմոնյանը:

Գյուտի կարճաժամկետ արտոնագիր ստանալու հայտ ներկայացնելով՝ հայտատուները հնարավորություն են ունենում ավելի արագ և քիչ ծախսերով, ի տարբերություն գյուտի արտոնագրի, ստանալ արտոնագիր՝ 10 տարի գործողության ժամկետով: Նախագծերի փաթեթով առաջարկվում է ներդնել երրորդ անձանց կողմից գործող գյուտի կարճաժամկետ արտոնագրի դեմ առարկությունների ներկայացման ընթացակարգը: Գործող պրակտիկայով ժամկետը  6-9 ամիս է:

Օրինագիծն ընդունվեց 90 «կողմ», 8 «դեմ» և 14 «ձեռնպահ» ձայներով:


© 2009 ARMENPRESS.am