Ընթանում են Վաշինգտոն-Թեհրան հարաբերությունների վերաձևավորման նախապատրաստություններ. Շահան Գանտահարյան

20:06, 3 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածաշրջանային մակարդակով ընթանում են Վաշինգտոն-Թեհրան հարաբերությունների վերաձևավորման նախապատրաստություններ՝ «առաջարկել-ճնշել» ճոճանակային կշռույթներով։ Այս գնահատականը ներկայացրել է քաղաքական վերլուծաբան, Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե «Միջին Արևելյան տարածաշրջանում ինչպե՞ս են բախվում ԱՄՆ-ի և Իրանի շահերը»:

Ըստ Շահան Գանտահարյանի՝ ԱՄՆ-ը համախառն ուղերձներ է հղում Թեհրանին։ «Մի կողմից՝ պետքարտուղարության մամուլի խոսնակն ասում է, որ իր պետությունը պատրաստ է մասնակցել կառուցողական դիվանագիտությամբ միջուկային ծրագրի բանակցությունների վերսկսման գործընթացին։ Դրան զուգահեռ՝ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հարցականներ է ստեղծում՝ Օմանի ծոցում իսրայելյան նավի դեմ իրականացված հարձակման իրանյան ձեռագրի հավանականության շուրջ»,- նշել է նա։ 

Քաղաքական վերլուծաբանի կարծիքով՝ մինչ Իրանը ներկա պահը հարմար չի նկատում բանակցությունների վերսկսման համար, Վաշինգտոնը բանակցային դուռը վերաբացելու հեռանկարի մասին ակնարկներ է անում։ «Այս հարթության վրա կան նաև անուղղակի ուղերձներ և քայլեր՝ երրորդ տարածքների վրա գրանցվող։ Սիրիայում իրանյան ռազմական հենակետեր են հրթիռակոծվում, և դրան հակառակ ուղղությամբ լարվում են ԱՄՆ-Սաուդյան Արաբիա հարաբերությունները, ինչը դարձյալ միջնորդավորված ուղերձ է Թեհրանին»,- ընդգծել է Շահան Գանտահարյանը։ 

Անդրադառնալով Վաշինգտոնի և Իրանի միջև հարաբերություններում Լիբանանի դերին՝ նա պարզաբանել է, որ Լիբանանում շարունակում է ահագնանալ ֆինանսատնտեսական շրջափակումը, որը սերտորեն առնչվում է Վաշինգտոնի նախապայմանային վարքագծի հետ։ «Լիբանանում  սեղմում են իրանյան ազդեցության գոտիները»,- նշել է քաղաքական վերլուծաբանը։ 


© 2009 ARMENPRESS.am