Մեծ Բրիտանիայի վարչապետը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է AstraZeneca պատվաստանյութով

12:02, 20 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ստացել է կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Sky News-ը, Ջոնսոնը պատվաստվել է AstraZeneca պատվաստանյութով:

Նա կոչ է արել բոլոր բրիտանացիներին հետևել իր օրինակին և անպայման պատվաստվել:

2020 թվականի գարնանը Մեծ Բրիտանիայի վարչապետը վարակվել էր կորոնավիրուսով: Նա ապրիլի 5-ին հոսպիտալացվել էր և մեկ շաբաթ անցկացրել էր Սուրբ Թոմասի հիվանդանոցում: Նա մի քանի օր գտնվել էր ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:

Նա պատվաստումը ստացել է նույն բուժհաստատությունում, որտեղ մոտ մեկ տարի առաջ փրկել էին իր կյանքը: Ընդ որում, Բորիս Ջոնսոնը 2020 թվականի ապրիլի վերջին ծնված որդուն անվանել էր իրեն բուժած բժիշկների պատվին:


© 2009 ARMENPRESS.am