Հրատարակվել է Ստեփան Թոփչյանի «Երվանդ Քոչար» մենագրությունը  

14:11, 26 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լույս է տեսել գրականագետ, հրապարակախոս, արվեստաբան Ստեփան Թոփչյանի վերջին՝ «Երվանդ Քոչար» մենագրությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Երվանդ Քոչարի թանգարանից:

Մենագրության մեջ հանգամանորեն վերլուծված է Երվանդ Քոչարի (1899-1979) ստեղծագործությունը XX դարի արևմտաեվրոպական կերպարվեստի համատեքստում։ Քննարկվում է Քոչարի նշանակալի դերը նոր երևույթների կերպավորման և համաշխարհային արվեստի հետ նրա առնչությունների տեսանկյունից։ Զուգահեռաբար մեկնաբանվում են նրա գեղագիտական հայացքները և մտորումները տեսական ու փիլիսոփայական խնդիրների շուրջ: Կան նաև դրվագներ Քոչարի կյանքից։

«Շնորհավորում ենք և շնորհակալ ենք հրատարակիչներին Ստեփան Թոփչյանի՝ մաեստրո Քոչարի բազմիմաստ ստեղծագործությունների խորիմաստ ու խորքային վերլուծությունները վայելելու բացառիկ հնարավորության համար»,- ասվում է թանգարանի տարածած հաղորդագրության մեջ:

Գիրքը, որն արդեն հասանելի է ինչպես թանգարանում, այնպես էլ գրախանութներում, լույս է ընծայել «Զանգակ» հրատարակչությունը:


© 2009 ARMENPRESS.am