Եգիպտոսում գնացքներ են բախվել. շուրջ երկու տասնյակ մարդ է մահացել

16:02, 27 Մարտ, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի հարավում երկու ուղևորատար գնացք է բախվել, որի հետևանքով պաշտոնական տվյալներով մահացել է 19 մարդ, տուժել են ևս 185-ը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Գնացքները բախվել են Տահտա քաղաքի մոտակայքում՝ մայրաքաղաք Կահիրեից 460 կմ հեռավորության վրա: Ըստ նախնական տվյալների՝ բախման պատճառը գնացքներից մեկի արգելակի խափանումն է եղել: Երկրորդ գնացքը, որը եկել է հետևից, չի հասցրել արգելակել:

Միջադեպի հետևանքով Եգիպտոսի հարավում երթևեկությունն ամբողջությամբ դադարել է:

Դեպքի վայր է ժամանել շտապօգնության 74 մեքենա, ինքնաթիռով հավելյալ բուժանձնակազմ է բերվել Կահիրեից:

Եգիպտոսի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել, ձերբակալվել են երկու գնացքների մեքենավարները:

Նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին հանձնարարել է փոխհատուցում վճարել զոհերի ընտանիքներին: Նա խոստացել է, որ բոլոր մեղավորներն արժանի պատիժ կստանան:


© 2009 ARMENPRESS.am