Արթուր Ալեքսանյանը թարմ ուժերով է մոտենում Օլիմպիական խաղերին. Էդուարդ Սահակյան

12:34, 16 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի առաջնության Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքական թիմի կազմն ընտրվել է վերջին արդյունքները հաշվի առնելով:

«Եվրոպայի առաջնության մասնակից ըմբիշներին ընտրել ենք հաշվի առնելով Հայաստանի առաջնության և միջազգային մրցաշարի արդյունքները: Քանի որ այս տարի մրցաշարերը շատ խիտ են, դրա համար ընտրել ենք կազմ, որ հետագայում էլ ըմբիշները կարողանան մասնակցել մրցաշարերի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը: Վերջինս շեշտեց, որ հավաքականի մարզչական շտաբը ցանկություն ունի հավասար բաշխել այն մարզիկներին, որ նրանք կարողանան մասնակցել նաև երիտասարդների առաջնությանը:

«Ինչ վերաբերում է Արթուր Ալեքսանյանի Եվրոպայի առաջնությանը չմասնակցելուն, ապա որոշել ենք, որ նա ուժերը կչափի Բուդապեշտի մրցաշարում, որը կլինի Օլիմպիական խաղերից առաջ: Արթուր Ալեքսանյանն իրեն լավ է զգում և թարմ ուժերով է մոտենում ՕԽ-ին»,- ասաց Էդուարդ Սահակյանը:

Գլխավոր մարզչի խոսքով` մինչ ՕԽ-ն հավաքականի թիմը մի քանի ուսումնամարզական հավաք կանցկացնի, որոնցից մեկը՝ արտերկրում:

Հունահռոմեական ոճի ըմբիշները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն հետևյալ կազմով. Ռուդիկ Մկրտչյան (55 կգ), Գեւորգ Ղարիբյան (60 կգ), Հրաչյա Պողոսյան (63 կգ), Սլավիկ Գալստյան (67 կգ), Մալխաս Ամոյան (72 կգ), Վարուժան Գրիգորյան (77 կգ), Կարապետ Չալյան (82 կգ)։

Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև ազատ ոճային ըմբիշների կազմը. Գևորգ Թադևոսյան (65 կգ), Արման Անդրեասյան (70 կգ), Հրայր Ալիխանյան (74 կգ), Արման Ավագյան (79 կգ), Մարզպետ Գալստյան (92 կգ): 

Եվրոպայի առաջնությունը կկայանա ապրիլի 19-25-ը Լեհաստանում:


© 2009 ARMENPRESS.am