Հայոց ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ-ի կողմից կկաշկանդի Թուրքիայի նկրտումները. «Ազգ» թերթի խմբագիր

16:54, 21 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ կկաշկանդի Թուրքիայի գործողություններն ու նկրտումները Հայաստանի նկատմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ապրիլի 15-ին կայացած մամուլիս ասուլիսի ընթացքում համոզմունք հայտնեց «Ազգ» թերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը՝ անդրադառնալով  Հայոց ցեղասպանության ճանաչման հնարավորություններին:

«Թուրքերը լավ են հասկանում այս ամբողջը և Էրդողանն անձամբ է գլխավորում իրավաբանական քննարկումների տարբեր նախաձեռնությունները»,-ասաց Ավետիքյանը՝ հավելելով, որ ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման դեպքում՝ նրա օրինակին կհետևեն նաև այլ երկրներ:

«ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման պարագայում՝ իրավական դաշտում կճանաչվի հայության բռնագաղթը, անշարժ ու շարժական ունեցվածքի յուրացումը: Այդ դեպքում՝ ամերիկյան որևէ դատարան չի կարող մերժել հայերի ունեցվածքային պահանջների հայցերը՝ պատճառաբանությամբ, որ բացակայում են իրավական հիմքերը»,-Սփյուռքի հայրենակցական միություններն ու եկեղեցին կարող են անշարժ գույքի և ունեցվածքային պահանջով հայցեր ներկայացնել ամերիկյան դատարաններին:

«Ազգային պահանջների մի ամբողջ համալիր մենք կարող ենք ձեռքբերել դատական հետապնդման միջոցով»,-ասաց Ավետիքյանը: Որպես օրինակ նա նշեց՝ Կիլիկիո Կաթողիկոսարանի կալվածքային պահանջով հայցը, որը կարող է ներկայացվել նաև ամերիկյան դատարանում: Ըստ բանախոսի՝ նույն կերպ համայնքային սեփականության պահանջ կարող են ներկայացնել նաև՝ Արևմտյան Հայաստանի բնակավայրերի հայրենակցական միությունները, որոնք գործում են ԱՄՆ-ում:

Անդրադառնալով Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, «Ազգ» թերթի խմբագիրը մտահոգություն հայտնեց սփյուռքում հայապահպանության գործընթացի խնդրի վերաբերյալ: Սփյուռքը պահպանելու և արժևորելու գործում՝ Ավետիքյանը կարևորեց շարունակական պետական մոտեցումն ու հոգատար վերաբերմունքը:  


© 2009 ARMENPRESS.am