Բայդենի ուղերձում բացի Ցեղասպանություն եզրույթից կար նաեւ այլ կարեւոր անվան օգտագործում. Շահան Գանտահարյան

13:02, 26 Ապրիլ, 2021

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձը բազմաթիվ հանգամանքներով դիտարժան է եւ կարող է նոր ելակետ ապահովել մեր հատուցման խնդիրների իրավական միջազգայնացման հետագա գործընթացին։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան նման կարծիք հայտնեց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

«Նախագահի ուղերձում կարծում եմ տեղ է գտել մի կարեւոր ձեւակերպում, որ ուշագրավ է եւ նախանշում է ԱՄՆ արտաքին քաքականության հեռակա ուղղությունները։ ԱՄՆ նախագահը, նկարագրելով 1915-ին ապրիլի 24-ին օսմանյան իշխանությունների կողմից հայ մտավորականության ձերբակալությունը իբրեւ գործողությունների վայր օգտագործել է «Կոստանդնուպոլիս» անվանումը։ Ստամբուլը իր պատմական անունով կոչելը իր հերթին հստակ ուղերձ ունի․ սա ուղերձին ապահովում է կարեւոր ուղենիշ՝ Վաշինգտոն-Անկարա հարաբերությունների առումով նոր վեկտորի»,- ասաց Գանտահարյանը։

Նրա խոսքով՝ Կոստանդնուպոլիս անվան հիշատակումը կանհանգստացնի պաշտոնական Անկարայի ղեկավարներին։ «Սա արդեն Թուրքիայի ամենահիմնական քաղաքներից մեկի ոչ թուրքական լինելու մասին պաշտոնական բարձրաձայնում է Վաշինգտոնի կողմից։ Սա նախաբանային հանգամանք կարող է ունենալ նաեւ այն առումով, որ Վաշինգտոնը տարբեր առիթներին հիշի, որ Կոստանդնուպոլիսի նման այլ քաղաքներ եւ տարածքներ եւս ոչ թուրքապատկան են։ Իսկ դա քաղաքական տրամանությամբ խոսում է  ամերիկյան դիվանագիտական զինանոցում նոր խաղաթղթի գրանցման մասին»,- նշեց Գանտահարյանը։

 


© 2009 ARMENPRESS.am