Վրաստանում նշվել է հայագետների օրը

21:12, 30 Ապրիլ, 2021

Հայագիտությունը հումանիտար գիտությունների համալիր է, որն ուսումնասիրում է հայ ժողովրդի պատմությունը, լեզուն, գրականությունը, կենցաղը, մշակույթը։ Այն վրացագիտության եւ Կովկասի ալբանիստիկայի հետ մեկտեղ, կազմում է կովկասագիտության անկապտելի մասը։

Հետաքրքիր պատմություն ունի հայագիտությունը Վրաստանում։ Վրաց-հայկական բազմադարյա սերտ հարաբերությունները, Վրաստանի վերաբերյալ հայկական աղբյուրների բազմազանությունը, Վրաստանում հայ բնակչության ի հայտ գալը՝ նպաստեց հայագիտության հետազոտությունների զարգացմանը մի քանի ուղղություններով (պատմություն, գրականություն, ժողովրդագրություն, աղբյուրագիտություն, տեքստաբանություն, ժողովրդագրություն, ճարտարապետության պատմություն)։

Վրաց հայագիտության առաջին աղբյուրը հիմնվեց Թբիլիսիի պետական համալսարանում։ Այնտեղ հայագիտական առարկաները դասավանդվում էին համալսարանի հիմնադրման (1918 թ.) օրվանից։ 1922 թվականին հիմնվեց հայագիտության ամբիոնը (վարիչ՝ Լեոն Մելիքսեթ Բեկ, պրոֆեսոր (1890-1963թթ.)։ Իսկ 1945 թվականից Թբիլիսիի պետական համալսարանում արեւելագիտության ֆակուլտետում բացվեց հայագիտության բաժինը։

Վրաց հայագիտության զարգացումը հիմնված է աշխարհահռչակ գիտնականներ Իվանե Ջավախիշվիլու, Ակակի Շանիձեի, Գիորգի Չուբինիշվիլու, Իլիա Աբուլաձեի, Իվանե Շիլակաձեի եւ ուրիշների աշխատությունների վրա։

Արդի վրաց հայագիտությունն ուսումնասիրում է վրաց եւ հայ ժողովուրդների պատմության, մշակույթի, լեզվի, գրականության եւ կենցաղի նույնականության թեմատիկան։

Թբիլիսիի պետական համալսարանից բացի, վրաց հայագետներն ակտիվորեն գործ ունեն նաեւ Վրաստանի տարբեր գիտական կենտրոններում եւ այսօր էլ շարունակում են գործել տարբեր ուղղություններով՝ հայ-վրացական լեզվական եւ գրական հարաբերություններ, աղբյուրագիտություն եւ տեքստաբանություն, ժողովրդագրություն, արվեստագիտություն։ Վրացերեն են թարգմանվում հին հայկական աղբյուրները՝ դիտողություններով ու մեկնաբանություններով։

Վրաց հայագիտության բացառիկ նշանակության, հայ-վրացական հարաբերությունների հետազոտման անհրաժեշտության, ինչպես նաեւ Հայաստանի եւ հայ ազգի նկատմամբ բացառիկ վերաբերմունքի վկայությունն է այն փաստը, որ Վրաստանում հատուկ նշվում է Վրաց հայագիտության օրը։ Այդ օրը 1981 թվականի ապրիլի 13-ին հիմնվեց՝ ակադեմիկոս, ԹՊՀ-ի հայագիտության ամբիոնի բազմամյա վարիչ Զազա Ալեքսիձեի նախաձեռնությամբ։ Այս տարի այդ նախաձեռնության հոբելյանական տարին է, ապրիլի 13-ին նշվեց Վրաց հայագիտության նշանավորման 40-րդ տարին։

Թանկագին գործընկերներ, ի սրտե շնորհավորում եմ Վրաց հայագիտության օրվա առիթով։ Նպատակամղվածություն եւ սեր, հավատարմություն եմ մաղթում ձեր բարի ու շնորհակալ գործի կատարման համար։ Երկարակեցություն, երիտասարդական ավյուն եմ մաղթում իմ ուսուցիչ, վրաց հայագիտության նահապետ, ակադեմիկոս Զազա Ալեքսիձեին։

ՆԻՆՈ ԱՓՑԻԱՈՒՐԻ

Հայագետ, պատմական գիտությունների դոկտոր, Թբիլիսիի պետական համալսարանի գիտաշխատող, 2003-2019 թվականներին՝ Հայաստանում Վրաստանի դեսպանատան խորհրդական, Վրաստանի Արտաքին գործերի նախարարության խորհրդական

«ՎՐԱՑԻՍ ՈՒ ՀԱՅԸ ՄԻԱՍԻՆ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ԴԻՄԱԿԱՅԵՑԻՆՔ ԹՇՆԱՄՈՒՆ…»

1991 թվականից ի վեր նորանկախ Վրաստանում փետրվարի 25-ին նշվում է 1921 թվականի փետրվարյան մարտերին երկրի անկախության համար եւ խորհրդային բռնազավթման դեմ պայքարում զոհվածների հիշատակության օր։

Վրաստանի պատմության մեջ 1921 թվականի փետրվարի 18-25-ը նշանավորվեց խորհրդային Կարմիր բանակի դեմ պաշտպանական ծանր մարտերով ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ Թբիլիսիի մերձակայքում՝ Կոջորիում եւ Տաբախմելայում: Փետրվարի 25-ին Կարմիր բանակը գրավեց Թբիլիսին, եւ երկիրը խորհրդայնացվեց։ Պաշտպանական մարտերին Կարմիր բանակի դեմ կռվում էին յունկերներն ու Թիֆլիսի ռազմական ուսումնարանի կադետները:

Ստորեւ ներկայացվող նյութի հերոսն ընթերցողին քիչ եթե չասենք, ընդհանրապես անծանոթ կամ քիչ հայտնի, վերոնշյալ մարտերի ակտիվ մասնակիցներից մեկը Մելիք Սոմխյանցն է։ Ծնունդով քութայիսցի Մելիք Սումխյանցը լեհական բանակի շարքերում մասնակցել է նաեւ Երկրորդ աշխարհամարտին, եղել է լեհական բանակի գնդապետ:

Հայտնի վրաց պատմաբաններ Նիլոլոզ Մաթիկաշվիլու եւ Միխեիլ Կվալիաշվիլու հեղինակությամբ լույս տեսած «Յունկերներ» գրքում հիշատակության հեղինակները նշում են, որ Լեհաստանում իրենց ռազմական ծառայությունն են անցել Վրաստանի ժողովրդավարական հանրապետության (1998-1921թթ.) 87 քաղաքացիներ, այդ թվում՝ 6 գեներալ, 36 ավագ սպա եւ 46 նախկին յունկերներ, ովքեր այն ժամանակ լքեցին հայրենիքը եւ հայտնվեցին վտարանդիության մեջ, եւ այդ թվարկության շարքում տասներորդը Մելիք Սոմխյանցն է, ազգությամբ՝ հայ, «Վրաստանի նվիրյալը»:

Մելիք Սոմխյանցն ընդամենը 21 տարեկան էր, երբ 1921 թվականին, փետրվարի բքախառն սառնամանիքին պայքարում էր բոլշեւիկների դեմ Տաբախմելայում: Նրա զինակիցներ Մաթիկաշվիլին, Անդրոնիկաշվիլին, Լոմկացին 45 տարի անց հիշում են Մ.Սոմխյանցին որպես «վրացիների հավատարիմ ու նվիրյալ հայի»: Ահա թե ինչ են գրում նրանք.

«...1921 թվականի փետրվարի 25-ի գիշերն էր: Տաբախմելայում սաստիկ քամին սրբում ու բերաններս էր լցնում ձյան խիտ փաթիլները: Բարակ շինելով փաթաթված, սառած, սակայն ջանասիրաբար հսկում էինք պատկան տարածքը: Այդ ժամանակ կապի ծառայության միջոցով մեզ փոխանցեցին վաշտի հրամանատարի հրամանը.

- Գնացե՚ք դպրոցի ղեկավարության մոտ եւ գնդապետ Չխեիձեից կստանաք հաջորդ հրամանը...

Դրսում խլացնող քամին կրկին սուլում էր: Գնում էինք ձյան հաստ շերտի միջով, դժվարությամբ էինք տեղաշարժվում, եթե միմյանց ականջին չգոռայինք, իրար չէինք լսի: Կարեւոր էր, որ ճանապարհը չշփոթեինք ու թշնամու բանակում չհայտնվեինք: Ձեռքներիս հրացաններ ունեինք: Մեզանից ոչ մեկի 21 տարին չէր լրացել, մարմնով էլ թուլակազմ էինք: Ամրակազմը Սոմխյանցն էր՝ վրացիների հավատարիմ ու նվիրյալ հայը»:

Ավելի ուշ վրաց տարագրության պատմության եւ տարագրական գրականության հետազոտող Ռուսուդան Դաուշվիլին ներկայացրել է նախկին յունկեր Վանո Բաքրաձեի հուշերը Քութայիսիի ազնվական գիմնազիայի տնօրեն Իոսեբ Օցխելու մասին: Հենց Վանո Բաքրաձեի հետ նշյալ գիմնազիայում է սովորել Մելիք Սոմխյանցը: Բաքրաձեն պատմում է, որ հաճախ էր ընդհարվում Սոմխյանցի հետ: Եվ մի օր գիմնազիայի տնօրեն Օցխելին նրանց կանչում է իր մոտ ու մտահոգություն հայտնում, որ տղաները լավ ընկերական հարաբերություններ չունեն: Տնօրենը երկար զրուցելուց հետո կոչ է անում հաշտվել իրար հետ ու գրկախառնվել: Բաքրաձեն հիշում է, որ տարիներ անց, երբ 1921 թվականի փետրվարի 24-ին վճռվում էր Վրաստանի ճակատագիրը, թեժ մարտերի ժամանակ քիչ էր մնում թշնամու ծուղակն ընկնի, այդ ժամանակ նրան օգնության է հասնում Մելիք Սոմխյանցը. «...Վրացիս ու հայը միասին հեշտությամբ դիմակայեցինք թշնամուն: Կռվի դաշտում երկուսս էլ կատարեցինք Իոսեբ Օցխելու ցանկությունը եւ ընկերաբար փարվեցինք միմյանց...»:

Ինչպես վերը նշեցինք, 20-րդ դարի 30-ական թվականներին Մելիք Սոմխյանցը եղել է նաեւ լեհական բանակի գնդապետ, Երկրորդ աշխարհամարտին կռվել է լեհական զորամասի շարքերում, մասնակցել Իտալիայի հյուսիսում Մոնտե Կասինո բարձունքի պաշտպանական եռամսյա ճակատամարտին, որը այդ պատերազմի ամենաարյունահեղ մարտերից էր ու վճռորոշ դեր է խաղացել գերմանացիների դեմ լեհերի հաղթանակի համար:

Մեր հայրենակից Մելիք Սոմխյանցն այդ կռվում փայլուն կերպով ղեկավարել է չորրորդ գումարտակը եւ ձեռք է բերել մեծ համբավ: Այս մասին գրում է նաեւ լեհական բանակի սպա, գրող, լրագրող Մելչիոր Վանկովիչն իր «Մոնտե Կասինո» գրքում, որը հաստատում է հանրաճանաչ պատմաբան Զբիգնեւ Զալուսկին:

Կյանքի վերջին տարիները Մելիք Սոմխյանցն անց է կացրել Անգլիայում:

Ի դեպ, արդեն մի քանի տարի է, ինչ Լեհաստանի տարբեր քաղաքներում կազմակերպվում է երկրում ռազմական ծառայություն անցած տեղի հայերի մասին շարժական ցուցահանդեսները: Ցուցահանդեսի ղեկավար Դարիուշ Լորանտինի խոսքով՝ Լեհաստանում շատերն անգամ չգիտեին, որ երկրի անկախացման պատմության մեջ ազգությամբ հայ զինվորներն ու սպաները մեծ ներդրում ունեն:

Հավելենք նաեւ, որ վերջերս «Սաքարթվելոս Ռեսպուբլիկա» («Վրաստանի Հանրապետություն») թերթը եւս վրաց ընթերցողին տեղեկություններ է տրամադրել Վրաստանի անկախության եւ ազատության համար մարտնչող քութայիսցի հայազգի Մելիք Սոմխյանցի մասին:

 

Պատրաստեց ԿԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ


© 2009 ARMENPRESS.am