Հովհաննես Բաչկովի հաջորդ մենամարտը պրոֆեսիոնալ ռինգում կլինի ՕԽ-ից հետո

09:57, 4 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության մեդալակիր Հովհաննես Բաչկովը պրոֆեսիոնալ ռինգում հաջորդ մենամարտը կանցկացնի Օլիմպիական խաղերից հետո:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է մարզիկը: Դեռևս ապրիլի 9-ին Բաչկովը մենամարտ էր անցկացրել ղազախական Ալմաթի քաղաքում: Գյումրեցի մարզիկի մրցակիցը ազգությամբ թուրք, բայց Ուկրաինան ներկայացնող Բինալի Շախմանդարովն էր: Բաչկովը մրցակցին նոկաուտի էր ենթարկել առաջին իսկ ռաունդում:

2020 թվականի հոկտեմբերի 9-ին Հովհաննես Բաչկովը հաղթել էր պրոֆեսիոնալ ռինգում առաջին մենամարտում:  Դուբայում կայացած երեկոյի ընթացքում 8-ռաունդանոց մենամարտում գյումրեցի մարզիկն ուժերն էր չափել Վենեսուելայից Սամուել Գոնսալեսի հետ: Բաչկովը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր:

Մենամարտի ավարտից հետո Բաչկովը ռինգում կրել է հատուկ շապիկ, որի վրա գրված էր եղել. «Հայաստանի պաշտպաննե՛ր, մեր անպարտելի զինվորնե՛ր, մենք կանգնա՛ծ ենք ձեր կողքին»:


© 2009 ARMENPRESS.am