Տոկիո-2020. Ռինգ պետք է մտնել այնպես, ինչպես քո տուն ես մտնում. Կորյուն Սողոմոնյան

10:44, 10 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանն ունի դեռևս մեկ բռնցքամարտիկ: Մասնակիցների ցանկը կարող է ավելանալ հաջորդ ամիս, երբ կկայանա վարկանիշային մրցաշարը, որը սկսվել էր նախորդ տարի, ընդհատվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով: «Արմենպրես»-ի հեղինակային «Երազանքի ճանապարհը` Տոկիո-2020»-ի այս շաբաթվա հերոսը բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանն է: Նա ինչ-որ ժամանակ հեռացավ մեծ սպորտից, հետո վերադարձավ ու նվաճեց բաղձալի օլիմպիական ուղեգիրը: Սողոմոնյանը ծնվել է 1993 թվականին: Հանդես է գալիս 52 կգ քաշային կարգում և Տոկիոյի խաղերը նրա համար առաջինն են:

-Կորյուն, պատմեք խնդրեմ, թե ինչպե՞ս սկսեցիք հետաքրքրվել բռնցքամարտով:

-Բռնցքամարտով հետաքրքրված եմ եղել փոքր տարիքից, իսկ մարզումները սկսել եմ 6-7 տարեկանից: Այս մարզաձևով տարվեցի, քանի որ անձնական մարզիչս հայրս է, նա էլ ժամանակին մարզվել է բռնցքամարտով: Իմ կարծիքով, եթե տանը մեկը զբաղվում է այս մարզաձևով, ապա սերը դեպի այդ մարզաձևը անխուսափելի է: Երբ 13 տարեկան էի, նաև նկարչության էի գնում, սակայն համատեղել չստացվեց:

-Դուք տևական ժամանակ մեծ սպորտից հեռացել էիք, ինչո՞ւ:

-Մոտ երկու տարի չէի մարզվում: Մեծ սպորտից հեռացա ֆինանսական խնդիրների պատճառով: Հայաստանի ազգային ֆեդերացիայի կազմավորումից հետո մարզիչների, ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի առաջարկով նորից վերադարձա:

 

-Մարզիկների համար ժամանակի կորուստն առանց մարզումների մեծագույն թշնամին է: Ի՞նչ մարզավիճակում եք հիմա:

-Երբ նոր էի վերադարձել, իսկապես շատ դժվար էր: Մարզիկի կյանքը տարբերվում է նորմալ առօրյայից: Բայց անցավ մոտ մեկ տարի, և ես կարող եմ ասել, որ մարզավիճակ եմ ձեռք բերել:

-Կորյուն, Օլիմպիական խաղերը հետաձգվեցին, դա բացասակա՞ն, թե դրական էր ձեզ համար:

-Ինձ համար միանշանակ դրական էր: Սակայն վատ էր, որ համավարակն այսքան խառնեց ամեն ինչ: Ինձ հաջողվեց այս երկու տարվա բաց թողածը ինչ-որ չափով վերականգնել անցած մեկ տարում:

-Ի՞նչ ակնկալիքներով եք մեկնում Տոկիո:

-Օլիմպիական խաղերը ցանկացած մարզիկի համար առանձնահատուկ են: Այն վերջնական բարձրակետն է, որին մասնակցելիս պետք է ձգտես անպայման դառնալ մեդալակիր: Մեծ նպատակներով եմ մեկնելու Խաղերին և պետք է մեդալ նվաճեմ: Սակայն ավել-պակաս չեմ խոսի: Ավելի լավ է քիչ խոսել և գործով ապացուցել:

-Ի՞նչ կասեք ձեր մրցակիցների մասին և որքանո՞վ եք ծանոթ նրանց:

-Եթե անկեղծ լինենք՝ չեմ հետաքրքրվում նրանցով: Չեմ սիրում ուսումնասիրել նրանց, քանի որ կարևորում եմ ռինգում այդ մի քանի րոպեներին քո բռնցքամարտը թելադրելու գործընթացը: Մարզիկն այլ է մարզման ժամանակ և բացարձակ այլ` ռինգում:

-Ի՞նչն է կարևոր բռնցքամարտիկի համար ռինգում:

-Հանգստությունը: Ռինգ պետք է մտնել այնպես, ինչպես քո տուն ես մտնում: Լարվելու ոչ մի պատճառ չկա իրականում: Մրցելու ես նրա հետ, ով քո չափ հնարավորություններ ունի: Սակայն ռինգում ամեն ինչ կարող է փոխել մրցավարը: Մրցավարների կողմնապահությունը միշտ էլ եղել է:

-Կա՞ մի բռնցքամարտիկ, որն օրինակելի է ձեզ համար:

-Պատանեկան տարիքում շատ հետաքրքրված էի Արթուր Աբրահամով և Վիկ Դարչինյանով: Սակայն տարիքի հետ ամեն ինչ փոխվում է: Սովորում եմ դահլիճում նրանցից, ովքեր տարիքով մեծ են, մեծ փորձ ունեն:

-Հայ բռնցքամարտիկները վերջին տարիներին սիրողական բռնցքամարտից անցնում են պրոֆեսիոնալի: Մտածո՞ւմ եք դուք այդ մասին:

-Այդ մասին կմտածեմ Օլիմպիական խաղերից հետո, և ամեն ինչ կախված կլինի նրանից՝ մեդալ կլինի՞, թե ոչ:

-Եվ մի քանի բլից հարցեր. Թոմը, թե Ջերին:

-Ջերին:

-Գիրք, թե ֆիլմ:

-Ֆիլմ:

-Պիցցա, թե պաղպաղակ:

-Պիցցա:

-Սուրճ, թե թեյ:

-Սուրճ:

-Ալի, թե Թայսոն:

-Ալի:

ոլմա, թե խորոված:

-Տոլմա:

-Նարդի, թե շախմատ:

-Բլոտ (ծիծաղում է):

Շնորհակալ եմ, զրույցի համար, հուսով եմ արդեն մեդալներով զրույց կունենանք Տոկիոյում:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 73 օր:

 

Նախագծի հեղինակ Վարվառա Հայրապետյան 

Լուսանկարները Հայկ Մանուկյանի  

Կարդացեք նաև

Տոկիո-2020. Կարևորը մրցակցի ուժեղ կողմերը հաշվի առնելն է. Վազգեն Թևանյան

Տոկիո-2020. Մարմնամարզությունն այն մարզաձևն է, որտեղ դու ավելի շատ ինքդ քո դեմ ես պայքարում. Արթուր Դավթյան


Տոկիո-2020. Գորգում պետք է գործես պահի թելադրանքով. Արսեն Հարությունյան


© 2009 ARMENPRESS.am