Նախորդ տարվա համեմատ ավանդներն ավելացել են 4.9 տոկոսով

13:57, 19 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բանկերում 2021 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ընդհանուր ավանդներն ավելացել են 4.9 տոկոսով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսում նշեց Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը:

«2021 թվականի առաջին եռամսյակում ընդհանուր ավանդները նվազել են շուրջ 7 մլրդ դրամով կամ 0,2 տոկոսով: 2020 թվականի մարտի 31-ի համեմատ դրանք ավելացել են շուրջ 173 մլրդ դրամով կամ 4,9 տոկոսով: 2020թ. տարեսկզբին` հունվար, փետրվար, մարտ ամիսներին, մենք տեսնում ենք, որ ավանդների ծավալը շարունակում էր աճել, այնուհետև, երբ սկսվեց համավարակը, որոշակի նվազում նկատվեց։ Մայիսին, երբ որոշակիություն մտավ, ավելի հասկանալի դարձավ, թե պանդեմիան ինչպես է հաղթահարվելու, ավանդների ծավալը սկսեց ավելանալ, և գերազանցեց անգամ տարեսկզբին բանկերում եղած ավանդների ծավալը։ Առավելագույն ծավալը գրանցվել է օգստոսին, իսկ պատերազմը սկսվելուց հետո` սեպտեմբեր–նոյեմբերին, ոչ մեծ տոկոսով նվազում է գրանցվել, և տարեվերջին` պատերազմից հետո, նորից այդ ավանդները վերադարձել են բանկեր»,– ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով՝ նվազման ծավալում մեծ է հատկապես օտարերկրյա քաղաքացիների ավանդների չափը։

«Ռեզիդենտների մոտ առաջին եռամսյակում ավանդների ծավալն ավելացել է 119 մլրդ դրամով կամ 4,4 տոկոսով, իսկ 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 253 մլրդ դրամով կամ 9,9 տոկոսով: Ոչ ռեզիդենտների դեպքում պատկերը մի փոքր այլ է՝ 2021 թվականի առաջին եռամսյակում նրանց ավանդները նվազել են շուրջ 126 մլրդ դրամով, իսկ 2020 թվականի մարտի 31-ի համեմատ՝ 81 մլրդ դրամով»,- նշեց Սարգսյանը:

Նա նկատեց, որ այս միտումը ոչ միայն Հայաստանում է նկատվել, այլև ամբողջ աշխարհում, ինչը նույնպես կորոնավիրուսի համաշխարհային համավարակի հետևանք է։


© 2009 ARMENPRESS.am