Նասիմ Թալեբի «Սև կարապը» և «Պրոկրուստյան մահիճը» գրքերի շնորհանդեսը կուղեկցվի դրանց քննարկմամբ

15:43, 21 Մայիս, 2021

 ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ակնարկագիր, մաթեմատիկոս և թրեյդեր Նասիմ Թալեբի «Սև կարապը» և «Պրոկրուստյան մահիճը» գրքերի շնորհանդեսը, որը տեղի կունենա մայիսի 27-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, կուղեկցվի հետաքրքիր քննարկմամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շնորհանդեսին անդրադարձ կկատարվի հեղինակի INCERTO շարքի մյուս գրքերին, որոնք լույս կտեսնեն մինչև տարվա վերջ:

Գրքերը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը՝ «Կողբ» հիմնադրամի հետ համագործակցությամբ: Միջոցառմանը ներկաները կանդրադառնան նրա հիմնական գաղափարներին և դրանց դրսևորումներին մեր իրականության մեջ։ Նասիմ Թալեբի «Սև կարապը» գիրքն այն մասին է, որ մեծ ազդեցություն ունեցող, բայց հազվադեպ իրադարձություններն են պատմություն կերտում, որ հետահայաց զանազան պատումների շնորհիվ մենք այդ ամենը հասկանալու պատրանքներ ենք ձևավորում, մինչդեռ դրանք անհնար է գիտականորեն գնահատել, իսկ որոշ ոլորտներ (ոչ բոլորը) ընդհանրապես անկանխատեսելի են: Որպես հետևանք՝ Սև կարապների հանդեպ կույր «վայ փորձագետների» պատճառով հակված ենք ծայրահեղ իրադարձությունների նկատմամբ ավելի ու ավելի խոցելի համակարգեր կառուցել։ Թարգմանիչն է Սոնա Գրիգորյանը, խմբագիրը՝ Վահագն Խաչատրյան։

Իսկ «Պրոկրուստյան մահիճը» գրքում ամփոփված են հեղինակի փիլիսոփայական և գործնական աֆորիզմները, որոնք հիմնական գաղափարի շուրջ առանձին սեղմ մտքեր են, թե ինչպես ենք վարվում եւ ինչպես պիտի վարվենք մեզ անհայտի հետ։ Գիրքը թարգմանել է Աստղիկ Օսկանյանը, խմբագիրն է Նունե Թորոսյանը:                                                                                                                                                                                                 


© 2009 ARMENPRESS.am