Բռնցքամարտիկները մեկնում են ընդհատված վարկանիշային մրցաշարին  

14:30, 31 Մայիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականը մեկնում է Փարիզ` Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի բռնցքամարտի հավաքականը վերջին ուսումնամարզական հավաքն անցկացրեց Փարիզում կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարից առաջ:

Մարզիչներ Ռաֆայել Մեհրաբյանի, Ռոբերտ Պետրոսյանի, Կարեն Ղազարյանի և Սամվել Սողոմոնյանի գլխավորությամբ ընտրանին երկշաբաթյա հավաք էր անցկացնում Oլիմպավանում: Հավաքին մասնակցում էր 21 մարզիկ, որոնցից 7-ը՝ 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, 63 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանը, 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը, գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը և 69 կգ քաշային Անի Հովսեփյանը կմասնակցեն վարկանիշային մրցաշարին: Այս մարզիկներից միայն Կորյուն Սողոմոնյանն է ապահովել օլիմպիական ուղեգիրը:

Վարկանիշային մրցաշարը, որն ընդհատվել էր նախորդ տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով, կվերսկսվի հունիսի 4-ին և կեզրափակվի հունիսի 8-ին:


© 2009 ARMENPRESS.am