Սրբանուն Կոմիտասի «վերադարձն» ու հոգեհանգստյան արարողությունը

09:40, 2 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՀՀ»-ն օրերս անդրադարձավ ժամանակին պատշաճ հեղինակություն վաստակած մի հեղինակի՝ բանաստեղծ, արձակագիր եւ հասարակական գործիչ Վահրամ Ալազանին՝ շատ արժանավորների նման այսօր գրեթե մոռացված մի գրողի, ով անցել էր ստալինյան մահվան ճամբարներով, մտերմություն ունեցել Չարենցի հետ, մասնակցել Կոմիտասի հոգեհանգստի արարողությանն ու հուղարկավորությանը: Մեր այդ հրապարակումն էլ առիթ էր ծանոթանալու նրա կնոջ՝ Մարո Ալազանի չափազանց ուշագրավ այս հուշագրությանը, որին, կարծում ենք, շատերը չէ, որ ծանոթ են: Հուշագրության առանցքում մեծն Կոմիտասի աճյունի վերադարձն ու նրա հոգեհանգստյան զավեշտալի արարողությունն է, այդ միջոցին Չարենցի անահ պոռթկումը՝ մարդ կոչված ստորագույն արարածների վարմունքի հանդեպ:

Ժամանակների հեռվից ունկնդրենք Մարո Ալազանին

«Մի օր, գիշերվա ուշ ժամի, Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի քարտուղար Աղասի Խանջյանն Ալազանին իր մոտ կանչեց: Վերջինս տուն վերադարձավ եւ պատմեց հետեւյալը. «Փարիզում վախճանվել է մեր պայծառ Կոմիտասը (մահացել էր 1935 թ. հոկտեմբերին, որից հետո մարմինը զմռսված պահվում էր՝ Հայաստանում հուղարկավորելու համար): Նրան խնամող հանձնաժողովը դիմել է ընկեր Խանջյանին, որ նա ընդունի Կոմիտասի դին եւ Երեւանում կազմակերպի թաղման արարողությունը: Իհարկե, Աղասին տալիս է իր համաձայնությունը, սակայն Բերիայի երեւանյան գործակալներն այդ մասին հաղորդում են Բերիային: Մյուս օրը Բերիան հեռախոսով կապվում է Աղասու հետ եւ ասում.

-Աղասի, լսել եմ, որ Փարիզից ինչ-որ հոգեւորական, ինչ-որ տերտեր ես բերում Երեւանում թաղելու համար: Ես կտրականապես արգելում եմ. հեռագրիր՝ թող չուղարկեն, մենք հոգեւորականներին թաղելու համար գումարներ չունենք:

Այս դեպքից Աղասին անսահման հուզվել ու վրդովվել էր, անհարմար էր զգում հեռագիր տալ, ուստի ինձ խնդրեց, որ ես այդ անեմ: Ես ցավով նրա խնդրանքը կատարեցի, բայց տա աստված, որ հեռագիրս ուշ տեղ հասնի, եւ Կոմիտասի դին ետ չուղարկեն: Խեղճ Աղասի… դու տեսնում ես, Մարո ջան, թե ինչպիսի պայմաններում է աշխատում այդ պայծառ մարդը…»:

Մյուս օրը Ալազանը կենտկոմ է գնում՝ իմանալու հեռագրի պատասխանի մասին: Խանջյանը ուրախ-ուրախ նրան ցույց է տալիս մի հեռագիր՝ հետեւյալ բովանդակությամբ. «Նավը երեք օր է՝ դուրս է եկել Մարսելից եւ գտնվում է Միջերկրական ծովում: Ետ դարձնել չենք կարող: Կոմիտասին խնամող հանձնաժողով»:

-Այդ շատ լավ եղավ,- ասում է Ալազանը:

-Լավը լավ է, Ալազան ջան, բայց ցավալին այն է, որ Կոմիտասին ներկայացնում են իբրեւ «ինչ-որ տերտեր»,- ասում է Խանջյանը վրդովված:

Այս դեպքից մեկ թե երկու օր հետո մեր տուն եկավ Չարենցը եւ ասաց.

-Ա՛յ տղա, Ալազա՛ն, մի «պազոռնի» բան եմ լսել, բայց ականջներիս չեմ հավատում: Ասում են, որ Փարիզից հեռագրել են Աղասուն, որ նա Կոմիտասի դիակն ընդունի եւ Երեւանում թաղի: Աղասին համաձայնել է, բայց Բերիան երեւանյան իր «սիշչիկներից» այդ մասին իմանալով՝ կտրականապես արգելել է, ասելով, թե «մենք ինչ-որ տերտեր թաղելու համար գումար չունենք»:

-Այո, դժբախտաբար, ճիշտ է, բայց, բարեբախտաբար, հեռագիրը ուշ է տեղ հասել, եւ Կոմիտասի դին բերող նավն արդեն Միջերկրականի ջրերում է, եւ շուտով Կոմիտասը Երեւանում կլինի,- ասաց Ալազանը:

-Ա՛յ տղա, ճի՞շտ ես ասում, էդ ինչ լավ բան եղավ: Թող հիմա Բերիայի «սիշչիկները» տրաքվեն,- ասաց Չարենցը ուրախությամբ:

Քիչ հետո նորից լրջացավ, մռայլվեց եւ հուզված ասաց.

-Ինչ-որ տերտեր… Մի՞թե Կոմիտասը հայ ժողովրդի համար «ինչ-որ տերտեր» է: Ողորմելինե՛ր, տգետնե՛ր, թու՛ ձեր երեսին, անամոթնե՛ր: Վա՜յ քեզ, հայ ժողովուրդ, որ քո երկրի ու կուլտուրայի ղեկավարները դրանք են: Մարո ջան, մի կոնյակ բեր՝ խմենք Կոմիտասի հաղթանակի եւ հիշատակի կենացը:

Թեեւ Չարենցը Կոմիտասի հաղթանակի կենացը խմեց, բայց էլի մնաց նույն խռովահույզը: Փողոցում ում որ հանդիպում, ասում էր. «Ինչ-որ տերտեր…»:

Վերջապես Կոմիտասի դին հասավ Երեւան: Կազմվեց նրան ընդունող եւ թաղող հանձնաժողով, որի կազմում ընդգրկված էին՝ գրողների միության կողմից՝ Ալազան, լուսավորության մինիստրության կողմից՝ Արտո Եղիազարյան, ներքին գործոց մինիստրության կողմից՝ Բերիայի ներկայացուցիչը եւ այլ մինիստրությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ցերեկվա ժամը 12-ին հանձնաժողովի անդամների հետ ուղեւորվեցինք դեպի Կուլտուրայի տուն (ներկայիս Առնո Բաբաջանյան համերգասրահը): Աբովյան փողոցում մեզ միացավ նաեւ Չարենցը: Մտանք Կուլտուրայի տան դահլիճ: Բեմի վրա դրված էր Կոմիտասի գեղեցիկ, խնամքով պատրաստված դագաղը, որի գլխամասում կար ապակեպատ մի պատուհանիկ, որտեղից երեւում էր Կոմիտասի պայծառ դեմքը: Բոլորը լուռ, գլխահակ խոնարհվում էին Կոմիտասի առջեւ: Այդ ժամանակ Բերիայի գործակալն իր ճամպրուկից հանեց մի լոմիկ ու կացին, բացեց դագաղի կափարիչը եւ սկսեց շոշափել Կոմիտասի կողքերն ու գրպանները: Այս արարքը բոլորիս սաստիկ հուզեց ու զայրացրեց: Չարենցը հուզմունքից իրեն զսպել չկարողացավ եւ ուղղակի գոռալով ասաց. «Մի բան գտա՞ք, անամոթնե՛ր, խայտառակնե՛ր, մեռելին անգամ հանգիստ չեք թողնում, թու՛ ձեր նամուսին…»: Ապա համարյա իրեն կորցրած, օրորվելով, ինքն իր հետ խոսելով դուրս եկավ դահլիճից: Նրան հետեւեցին նաեւ հանձնաժողովի անդամները՝ Կոմիտասի հետ թողնելով միայն Բերիայի ներկայացուցչին…

Մյուս օրը Ալազանը գնում է Կենտկոմ եւ Խանջյանին պատմում այդ խայտառակ արարքի մասին: Խանջյանը անսահման հուզվում է, մի պահ լռում, ապա Ալազանին դառնալով՝ ասում.

-Ալազան, ես կարեւոր գործով պիտի քաղաքից բացակայեմ, խնդրում եմ, Արտոյի եւ մյուս անդամների հետ միասին մեծ շուքով թաղեք մեր պայծառ Կոմիտասին…»:

                                                                                Ներկայացրեց Հակոբ ՍՐԱՊՅԱՆԸ

Հ. Գ. 1936-ի հուլիսին Բերիան իր առանձնասենյակում գնդակահարում է Խանջյանին, նույն թվականին ձերբակալվում, բռնադատվում եւ աքսորվում է Վահրամ Ալազանը, 1937-ի նոյեմբերին բանտում սպանվում է Չարենցը, ձերբակալվում եւ գնդակահարվում են Ֆրանսիայից Կոմիտասի աճյունի տեղափոխումը կազմակերպած Դանուշ Շահվերդյանը, նրա կինը եւ եղբայրը…

Այսպես ոխակալ դահիճն անում է իր սեւ գործը, նա, որ որպես «ինչ-որ սքեմավոր տերտերի» էր ճանաչում հայ երգի վեհափառին, Փարիզը նվաճած հանճարեղ Կոմիտասին, համաշխարհային երգարվեստի բոլոր ժամանակների մեծերից մեկին… Թեեւ, ինչ զարմանք, բորենիների մահաորոճ ուղեղը դժվար էլ զորու լինի ընկալելու հանճարի լույսն ու ճառագումը…


© 2009 ARMENPRESS.am