Կյանքից հեռացել է բալետմայստեր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը

20:01, 4 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ հունիսի 4-ին 80 տարեկանում կյանքից հեռացել է բալետի նշանավոր արտիստ, բալետմայստեր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի  գլխավոր բալետմայստեր Վիլեն Գալստյանը: «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից։

«ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ցավակցում է սիրելի արտիստի հարազատներին, ընկերներին, գործընկերներին, նրա արվեստի երկրպագուներին:

Վիլեն Գալստյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի որոշմամբ կստեղծվի հուղարկավորության կառավարական հանձնաժողով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների մասին կհայտնի լրացուցիչ:


© 2009 ARMENPRESS.am