Հայաստանում տուրիզմն արթնանալու նշաններ է ցույց տալիս. Մեխակ Ապրեսյան

11:30, 8 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը վստահեցնում է, որ Հայաստանում տուրիզմն արթնանալու նշաններ է ցույց տալիս։ «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ Ապրեսյանը հույս հայտնեց, որ ՀՀ-ում ներգնա զբոսաշրջությունը նորից կսկսի զարգանալ, ամրանալ։

«Ներկա պահին Հայաստան են ժամանում հիմնականում այն երկրներից, որտեղ սահմանները բաց են՝ Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Իրանի Իսլամական Հանրապետություն, ԱՄՆ, Ուկրաինա և մի քանի եվրոպական երկրներից։ Այս տարի առաջին եռամսյակում շուրջ 86 հազար այցելություն է եղել, ինչը զգալիորեն ավելի է, քան 2020 թվականի 2-րդ, 3-րդ և 4-րդ եռամսյակներն իրար հետ վերցրած՝ 65 հազար այցելություն։ Ես համեմատում եմ կորոնավիրուսի սկսվելուց ի վեր զբոսաշրջիկների այցելությունների թվերը, քանի որ ամեն ինչ սկսվեց նախորդ տարվա երկրորդ եռամսյակից»,- նշեց Մեխակ Ապրեսյանը։

Նրա խոսքով՝  զբոսաշրջությունն արդեն «ասում է», որ պետք է աշխատել, ստեղծել ու վերականգնել։

Անդրադառնալով ներքին տուրիզմին՝ Ապրեսյանն ասաց, որ անցյալ տարի այն համեմատաբար ավելի լավ վիճակում էր, հատկապես կորոնավիրուսային սահմանափակումների թուլացումից հետո։ Նա հայտնեց, որ զբոսաշրջության վերականգնումը պետք է սկսվի ներքին տուրիզմից, ինչը կարող է օգնել փոքր-ինչ թեթևացնել ոլորտում առկա բեռը»,- ասաց Ապրեսյանը։

Նա նշեց, որ սահմանների բացելուց հետո բազմաթիվ երկրներ, նոր ձևավորվող շուկայում, կսկսեն դեպի իրենց ձգել համաշխարհային շուկան, սակայն ՀՀ-ն անելիքներ ունի այդ առումով։ Ապրեսյանի խոսքով՝ պետք է խթանող քաղաքականություն որդեգրել, որպեսզի ներքին տուրիզմը զարգանա և հայերը հնարավորինս նախընտրեն Հայաստանում ու Արցախում կազմակերպել իրենց հանգիստը։

Լիլիթ Դեմուրյան


© 2009 ARMENPRESS.am