Կիպրոսում տրանսպորտի հետ կապված կորոնավիրուսային սահմանափակումների մեծ մասը հանվել է

11:03, 12 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Կիպրոսի Հանրապետության իշխանությունները հանել են երկրում հասարակական տրանսպորտի, ինչպես նաև մասնավոր մեքենաների համար նախատեսված կորոնավիրուսային սահմանափակումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է երկրի տրանսպորտի, կոմունիկացիաների և հասարակական աշխատանքների նախարարությունը:

Եթե նախկինում թույլատրվում էր, որ ավտոբուսները տեղափոխեն տրանսպորտում նախատեսված ուղևորների քանակի 50 տոկոսին, ապա այժմ թույլատրվում է 100 տոկոսով ուղևորափոխադրումներ անել:

Նախարարությունից հայտնել են նաև, որ այժմ մասնավոր մեքենաներում մեկ ընտանիքի անդամները կարող են երթևեկել առանց դիմակների:

Դիմակների կրումը պարտադիր է հանրային տրանսպորտի վարորդների և ուղևորների համար:

Տաքսիում ուղևորների թվաքանակի սահմանափակումը ևս հանվել է:


© 2009 ARMENPRESS.am