Վրաստան մուտք գործող մինչև 10 տարեկան երեխաների համար հանվել է ՊՇՌ թեստ ներկայացնելու պահանջը

13:24, 17 Հունիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի կառավարության որոշմամբ Վրաստան մուտք գործող մինչև 10 տարեկան երեխաների համար հանվել է ՊՇՌ թեստ ներկայացնելու պահանջը:

Ինչպես տեղեկանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Վրաստանում Հայաստանի դեսպանությունը:

Մինչև 10 տարեկան երեխաների համար չի գործի նաև ժամանումից 72 ժամ հետո ևս մեկ PCR թեստ հանձնելու պայմանը:

Վրաստանի վարչապետի գլխավորությամբ գործող կորոնավիրուսի տարածման և կանխարգելման միջգերատեսչական խորհուրդը որոշում է կայացրել հունիսի 1-ից բացել ցամաքային սահմանները:

Վրաստան հնարավոր կլինի մուտք գործել.

- վերջին 72 ժամվա ընթացքում արված PCR թեստի բացասական պատասխանի առկայության

կամ

- պատվաստման ամբողջ կուրսն (երկու դեղաչափ) անցնելու և միաժամանակ PCR թեստի բացասական պատասխանի առկայության դեպքում։

Միայն  ՊՇՌ թեստով Վրաստան ժամանած քաղաքացիները պարտավոր են երկիր մուտք գործելուց հետո 72 ժամվա ընթացքում ևս մեկ թեստ հանձնել, իսկ պատվաստման ամբողջ կուրսն անցած քաղաքացիները ժամանելուց հետո թեստ հանձնելու անհրաժեշտություն չունեն:


© 2009 ARMENPRESS.am