«Նոր գիրք»-18/21. Եվս չորս #ՆորԳիրք
09:20, 21 Հունիս, 2021ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2021 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների չորս ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:
«Դզոնը» էքզիստենցիալ ճգնաժամի և ինքնության տարբեր ասպեկտների փլուզումի միջով իր պարտությունների վերջնագծին մոտեցած ժամանակակից մարդու պատում է, որն այնուամենայնիվ գտնում է ճանապարհ դեպի ապրելու բերկրանքը և նրա ուղեցույցը բնավ հույսի փողփողուն դրոշակը չէ։ Ինչպիսի՞ն է իրականության հետ առերեսումը վերապրող մարդը և ինչպիսի՞ն է այդ փոխակերպությունների փորձառությունը բանաստեղծելու լեզուն։ Գիրքը լույս է ընծայել «Գրանիշ»-ը:
«Բաբելոնյան գրադարան» մատենաշարով լույս է տեսել Նիկոս Կազանձակիսի «Քրիստոսը կրկին է խաչվում» վեպը: Նիկոս Կազանձակիսը (1883-1957) անցյալ դարի հույն ամենանշանավոր գրողներից է, որը հայտնի է ավետարանական պատմությունների ցնցող մեկնաբանություններով: «Քրիստոսը կրկին է խաչվում» վեպը հիմնված է սոցիալական սուր բախումների վրա, որը հանգեցնում է Կազանձակիսի հերոսների կողմից Քրիստոսի անհատականության տարբեր մեկնաբանությունների: Իրադարձությունների առեղծվածային ճակատագրականությունը վեպին հաղորդում է խորհրդավոր երանգներ:
Թարգմանությունը հունարենից` Գ. Փանոսյանի: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:
Թոմ Գեյթսը` հնարամիտ ու չարաճճի դպրոցականը, ցանկանում է տոմսեր ձեռք բերել իր սիրած խմբի համերգին ներկա լինելու համար: Բայց ուղղակի պատմելու բան չէ, թե ինչ փորձանքներ է բերում իր գլխին մինչև համերգին հասնելը: Գիրքը լի է բազմապիսի ձեռագիր խզբզոցներով ու ծաղրանկարներով, որոնց միջոցով Թոմը ներկայացնում է իր չարաճճի առօրյան ու իրեն շրջապատող մարդկանց։ Թարգմանությունը` Արթուր Մեսրոպյանի: Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:
Դանիել Ջիի «Հաջողված գործարք» գիրքը Ամազոնի սպորտային բեսթսելլեր է, որում հայտնի ֆուտբոլային գործակալը ֆուտբոլասերների և ֆուտբոլի աշխարհի մասնագետների, ֆուտբոլիստների համար բազմաթիվ գաղտնիքներ և հետաքրքիր փաստեր է ներկայացնում տրանսֆերների, դատական վեճերի, Անգլիական պրեմիեր լիգայի և մյուս թոփ առաջնությունների մասին, հանդես է գալիս բազմաթիվ օգտակար խորհուրդներով, որոնք բազմիցս իրենց արդարացրել են և հաջողություն են բերել սպորտային աշխարհի ներկայացուցիչներին։ Թարգմանիչ՝ Տաթևիկ Թումանյան: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը:
«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
© 2009 ARMENPRESS.am