Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը կոմպոզիտորի ճամփորդությունների մասին անիմացիոն ֆիլմ կներկայացնի

12:05, 9 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը հուլիսի 9-ին երաժշտասերների դատին կհանձնի մեծանուն կոմպոզիտորին նվիրված «Ճամփորդենք Խաչատրյանի հետ» նոր անիմացիոն ֆիլմը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆիլմը քառալեզու է՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և նվիրված է աշխարհահռչակ կոմպոզիտորի արտասահմանյան շրջագայություններին:

«Ես երջանկություն եմ ունեցել համերգներով հանդես գալ Եվրոպայի գրեթե բոլոր, ամերիկյան մի շարք երկրներում, Եգիպտոսում, Լիբանանում, Ճապոնիայում: Յուրաքանչյուր հյուրախաղային ուղևորություն նոր հանդիպում էր հետաքրքիր մարդկանց, հրաշալի երաժշտական կոլեկտիվների, նշանավոր գրողների, նկարիչների, հասարակական գործիչների հետ»- պատմել է Արամ Խաչատրյանը:

Ֆիլմը նկարահանել է ILABS Armenia ընկերությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Օգտագործվել են տուն-թանգարանի արխիվային նյութերը:

 


© 2009 ARMENPRESS.am