Ադրբեջանի պատկերացրած խաղաղությունը շատ հեռու է իրական խաղաղությունից. ՀՀ ԱԺ պատգամավոր

12:06, 15 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հայտարարություններով ակնհայտ մարտահրավեր է նետում առանց այն էլ բավականին փխրուն տարածաշրջանային կայունությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի կողմից հնչեցված որոշ թեզերի:

«Ադրբեջանի նախագահը բավականին սպառնալից տոնով խոսում է այն մասին, որ եթե Հայաստանը չգնա խաղաղության պայմանագրի կնքմանը, ապա կարող է առերեսվել նոր պատերազմի հետ: Ես կարծում եմ, որ Ադրբեջանի պատկերացրած խաղաղությունը  շատ հեռու է իրական խաղաղությունից, որին ձգտում են բոլոր ժողովուրդները, բոլոր մարդիկ: Ադրբեջանի նախագահը խաղաղություն ասելով պատկերացնում է ռազմական ավարի պուրակներ, տարածքային ակնհայտ հավակնություններ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ»,- ասաց Հայրապետյանը:

Նա նկատեց՝ Ադրբեջանի ԱԺ-ն ակնհայտորեն տարածքային հավակնություններ է ներկայացնում Սյունիքի մարզի նկատմամբ և փոխխոսնակի մակարդակով անվանում դա ադրբեջանական հող, որտեղ իրենք պետք է վերադառնան, այդ նույն թեզը շարունակում է Ադրբեջանի ղեկավարը: «Եվ ահա այս թեզերով, գործելաոճով, երբ ՀՀ սուվերեն տարածք են ներթափանցել ադրբեջանական զորքեր, Ադրբեջանի նախագահը խոսում է խաղաղության մասին: Իրականում սա խոսույթ չէ խաղաղության մասին, սա խոսույթ է լարվածության  նոր օջախների ստեղծման մասին: Սրանով Ադրբեջանն ակնհայտ մարտահրավեր է նետում առանց այն էլ բավականին փխրուն տարածաշրջանային կայունությանը»,-ասաց Հայրապետյանը:

Նա խնդրեց միջազգային գործընկերներին որևէ կերպ տուրք չտալ Ալիևի քարոզչությանը, չանել գործողություններ և չհնչեցնել տեքստեր, որոնք կարող են արդարացնել պատերազմը և ագրեսիան, որովհետև սա սպառնալիք է ոչ միայն հայ ժողովրդին, ՀՀ և Արցախի քաղաքացիներին, այլև ընդհանրապես համայն քաղաքակիրթ մարդկությանը:


© 2009 ARMENPRESS.am