Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը լքում է շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը

18:52, 27 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Հայկ Մարտիրոսյանը դուրս մնաց աշխարհի գավաթի խաղարկությունից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանի Սոչի քաղաքում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում 1/8 եզրափակիչում Մարտիրոսյանը թայ-բրեյքում մրցեց Իրանից Ամին Տաբատանաեի հետ: Թայ-բրեյքի առաջին պարտիան ավարտվեց ոչ-ոքի, իսկ երկրորդ պարտիայում հայ շախմատիստը սև խաղաքարերով պարտվեց: Երկու պարտիաների ընդհանուր 1,5:0,5 հաշվով Մարտիրոսյանը դուրս մնաց հետագա պայքարից:

Պայքարից դուրս են մնացել Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը և Էլինա Դանիելյանը: Իսկ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գրոսմայստեր Լևոն Արոնյանն առհասարակ չի մասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը առողջական խնդիրների պատճառով: Արոնյանն աշխարհի գործող գավաթակիրն է: Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունն այս տարի անցկացվում է ռուսաստանյան Սոչի քաղաքում: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում են 206, իսկ կանանց մրցաշարին՝ 103 մասնակից: Այն կեզրափակվի օգոստոսի 6-ին:

 


© 2009 ARMENPRESS.am