Վանաձորի թատրոնի «Անուշ» ներկայացումը կմասնակցի «Ֆրեսկո» միջազգային փառատոնին

15:57, 29 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի «Անուշ» ներկայացումը կմասնակցի օգոստոսին Երևանում կայանալիք «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնին:

Թատերասերները բեմադրությունը դիտելու հնարավորություն կունենան օգոստոսի 27-ին Սուրբ Աննա եկեղեցու բակում:

Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցին հայտնեց թատրոնի լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Փելեշյանը:

«Հովհաննես Թումանյանի «Անուշը» բեմադրվել է 2019 թվականին գրողի 150-ամյա հոբելյանի առթիվ: Ռեժիսորը թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանն է: Ներկայացումը, որը կյանքի է կոչվել ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, 2021 թվականին «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությանը մրցանակի է արժանացել «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում»,- պատմեց Փելեշյանն ու հավելեց, որ դեռ 2019-ին «Ֆրեսկո»  փառատոնի կազմակերպիչները դիտել են այն, հավանել:

«Անուշ» ներկայացման մեջ զբաղված են դերասաններ Արման Սաքանյանը, Էդգար Քոչարյանը, Արմինե Վերմիշյանը, Ալլա Դարբինյանը, Հերիքնազ Բաղդասարյանը, Աննա Խաչատրյանը և այլք:

«Ֆրեսկո» փառատոնի նպատակն է հոգևոր և մշակութային երկխոսության միջոցով նպաստել սիրո, համերաշխության և մարդասիրական արժեքների տարածմանը: Ամեն տարի փառատոնն իր շուրջ է համախմբում տարբեր երկրներից կինոգործիչների, երաժիշտների, հոգևորականների, հոգեբանների, ուսանողների, արվեստի այլ ոլորտների ներկայացուցիչների:

Անժելա Համբարձումյան


© 2009 ARMENPRESS.am