Ինչ տեսակի ԱԹՍ են խոցել ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները. ՊՆ-ն մանրամասներ է հայտնում

10:34, 30 Հուլիս, 2021

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե ինչ տեսակի ԱԹՍ են խոցել հայկական ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում:

«Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը:

«Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հուլիսի 29-ին, ժամը 23։00-ից սկսած, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։

ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների արդյունքում բոլոր փորձերը կասեցվել են։ Մասնավորապես՝ խոցվել է Ադրբեջանի ԶՈՒ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։

Հայաստանյան ԶԼՄ-ներին և սոցիալական ցանցերի օգտատերերին ևս մեկ անգամ կոչ ենք անում չտարածել չճշտված, առավել ևս` ակնհայտ խեղաթյուրված և խուճապ առաջացնող  տեղեկություններ և առաջնորդվել պաշտպանական գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններով: 

ՀՀ զինված ուժերը լիարժեք կատարում է իր առջև դրված խնդիրները»:


© 2009 ARMENPRESS.am