Եռաշերտ ցուցադրություն, շարժվող պատկերներ, գեղեցիկ դիզայն. Գանձայում բացվել է  Վ. Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահը

10:20, 2 Օգոստոս, 2021

ԳԱՆՁԱ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ջավախքի Գանձա գյուղում բացվել է  բանաստեղծ, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահը, որն աչքի է ընկնում հարուստ և գեղեցիկ դիզայներական աշխատանքով, եռաշերտ ցուցադրությամբ և նորարարական լուծումներով։

[gallery id= 65015]

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 2019 թվականին Տերյանական օրվա ժամանակ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ)  հայտարարեց Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգման պատրաստակամության մասին, քանի որ այն գտնվում էր անմխիթար վիճակում։

Վահան Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահի բացման արարողության ժամանակ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը կարևորեց կրտսեր սերնդին, պատանիներին, երիտասարդներին հայ մշակույթն արդիական եղանակներով ներկայացնելը, որովհետև մշակույթի մասին ևս պետք է խոսել և ներկայացնել հետաքրքիր ու մատչելի։

«Այն, ինչ տեղի է ունենում այսօր, մշակութային իրադարձություն է, որովհետև բացվել է մեր մեծանուն պոետի տուն-թանգարանի  հիմնանորոգված ցուցասրահը։ Մի պոետի, որը նշանավորվում է ոչ միայն իր չքնաղ գեղարվեստական ստեղծագործությամբ, այլև մի մարդ, որը հսկայական ազդեցություն է ունեցել հետագա սերունդների և պոետների վրա և ձևավորել է լեզվական բոլորովին նոր մշակույթ ու ճաշակ։

Նախարարությունը արդեն իսկ ՋԱՀ-ի հետ քննարկում է հետագա ծրագրերը։ Մենք ունենք մշակութային և կրթական նախագծերի բազմաթիվ հաջողված փորձեր, և դրանք պետք է տեղափոխվեն նաև այստեղ ու իրականացվեն նաև թանգարանային այս միջավայրում։ Հույս ունեմ, որ առաջիկայում համատեղ ջանքերով կկարողանանք նաև ամրակայել և նորոգել թանգարանի հուշային մասը, և սա իսկապես կդառնա ինչպես լայն ցուցադրական միջավայր և տարածք, այնպես էլ ուշագրավ զբոսաշրջային միջավայր»,- ընդգծեց Խզմալյանը։

Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը, ով որպես մասնագետ հրավիրված է եղել «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի կողմից մշակելու Տերյանի ցուցասրահի բովանդակային մասը և արտաքին ու ներքին ձևավորումը, նշեց, որ ցուցասրահում եռաշերտ ցուցադրությամբ ներկայացվել են Վահան Տերյանի կյանքի կարևորագույն դրվագները։

«Կոնցեպտը մշակելուց մենք մի կարևոր նաև նախապայման ենք դրել՝ ոչ թե տուրք տալ մինչ այժմ ձևավորված բոլորիս մտապատկերում ունեցած Տերյանին, այլ ճիշտ հակառակը՝ խոսելու այն Տերյանի մասին, որի մասին մինչ այժմ կամ քիչ է խոսվել, կամ ընդհանրապես չի խոսվել։

Մենք այս ցուցադրությամբ եկել ենք բացահայտելու նոր Տերյանին, որն ավելի օբյեկտիվ Տերյան է, որովհետև խորհրդային ժամանակաշրջանը իր բոլոր կողմերով  հանդերձ նաև կաղապարել է մեր ընկալումը այս կամ այն մեծի մասին։ Մենք եկանք ցույց տալու, որ Տերյանը համաշխարհային մեծություն է իր նաև լայն աշխարհայացքով, ուստի այստեղ եկողը պետք է փնտրի նոր Տերյանին»,- ասաց Եղիազարյանը։

ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը նշեց, որ տուն-թանգարանը երկար ժամանակ նպաստել է Տերյանի արվեստի տարածմանը, և այսօր անհրաժեշտություն է առաջել, որպեսզի թանգարանը ժամանակակից պահանջներով վերազինվի ու վերակառուցվի։

 «Կարծում եմ, որ ցուցասրահի մասով մեր աշխատանքը հաջողվել է, քանի որ այդ գործում ներգրավված են եղել լուրջ ճարտարապետներ, դիզայներներ, թանգարանագետներ և շինարարներ»,- հավելեց Սահակյանը։

ՋԱՀ-ի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը հայտնեց, որ ցուցասրահի բացումից անմիջապես հետո սկսել են ծրագրի երկրորդ փուլը, որով նախատեսվում է վերականգնել հուշային մասը։

«Դա բավականին լուրջ աշխատանք է ենթադրում, քանի որ, ինչպես տեսաք, տուն-թանգարանը գտնվում է շատ վատ վիճակում։ Դրամահավաքը ևս մեկնարկել է, արդեն իսկ ունենք երկու նվիրատուներ։ Կարծում եմ, որ այս ցուցասրահի բացումը բոլորին կդրդի ավելի լավ գիտակցել կարևորությունը ծրագրի, և մենք շատ ավելի հեշտությամբ կհավաքենք անհրաժեշտ գումարը, կարճ ժամանակում կկարողանանք համապատասխան մասնագետներ գործուղել այստեղ, որպեսզի ամբողջությամբ չափագրում իրականացնեն, նախագիծ մշակեն և այդ նախագիծը ուղարկեն մեր բարերարներին և աջակիցներին։ Նախագիծը նաև կուղարկենք Հայաստանի և Վրաստանի կառավարություններ, քանի որ սա լավագույն և ամենակարևոր ծրագիրն է միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում։ Ինձ մոտ արդեն վստահություն առաջացավ, որ անպայման երկու կողմերը խիստ շահագրգռված կլինեն մասնակիցը լինելու այս կարևոր ծրագրի, և մենք համատեղ ուժերով այս ծրագիրը կյանքի կկոչենք»,- եզրափակեց Մկոյանը։

Ցուցասրահում ներկայացվում են Վահան Տերյանի կյանքի 7 կարևորագույն փուլերը. մանկության տարիները, Լազարյան ճեմարանում ուսանողական կյանքը, Հովհաննես Թումանյանի և Ավետիք Իսահակյանի հետ ունեցած հանդիպումները, թարգմանչական, գիտական, հասարակական և քաղաքական գործունեությունը, ինչպես նաև իր կյանքի վերջին օրերը Օրենբուրգում։ Ի դեպ,  «Arloopa» հեռախոսային հավելվածի միջոցով հնարավոր է «կենդանացնել» ցուցասրահի պատերին նկարված պատկերները։ Համավարակի և պատերազմի պայմաններում ՋԱՀ-ը կարողացավ իրականացնել ծրագրի առաջին փուլը՝ Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահի վերականգնումը։ Երկրորդ փուլով նախատեսվում է կազմակերպել հուշային մասի վերականգնումը, իսկ երրորդ փուլով վերականագնվելու է ամբողջ համալիրը։ 

 


© 2009 ARMENPRESS.am