ՀՀ մարզերի գրադարանավարները վերապատրաստման դասընթացների են մասնակցել

10:41, 2 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավարտվեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի կողմից իրականացվող Գրադարանավարների վերապատրաստման դասընթացները ՀՀ մարզերի և համայնքների գրադարանների աշխատակիցների համար:

Դասընթացներն անցկացվեցին 2021թ. հուլիսի 12-28-ն՝ առցանց ձևաչափով, ՀՀ Կոտայքի և Արարատի մարզերի 45 գրադարանավարների համար:

Պարապմունքները վարում էին հանրապետության փորձառու մասնագետները:

Ծրագիրը ներառում էր 11 թեմա, որոնց շրջանակում դասընթացավարները գրադարանային գործի տարբեր գործառույթների վերաբերյալ փոխանցում էին համապատասխան գիտելիքներ և գործնական հմտություններ:

Դասընթացների մասնակիցները ստացած գիտելիքները, մասնագիտական հմտությունների կիրառման նոր գործիքակազմն ու մեթոդները կփոխանցեն իրենց գործընկերներին:

Սեպտեմբերին մասնակիցները Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կմասնակցեն գործնական պարապմունքների, որից հետո կստանան վկայականներ:

 


© 2009 ARMENPRESS.am