«Գառնի» պատմամշակութային տաճարում տեղի կունենա Մոսկվայի փողային նվագախմբի համերգը

14:15, 2 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Օգոստոսի 13-ին, ժամը 19։00-ին,  «Տերյան  մշակութային կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ  «Գառնի» պատմամշակութային  տաճարում Մոսկվայի փողային նվագախմբի մասնակցությամբ տեղի կունենա յուրօրինակ բարեգործական համերգ:

Ծրագրում կհնչեն Յո. Հայդնի, Կ․ Դեբյուսիի,  Է․ Գրիգի, Մ. Պ. Մուսորգսկու, Ի․ Ֆ․ Ստրավինսկու, Ա․ Խաչատրյանի, Ա․ Բաբաջանյանի ստեղծագործությունները։

Միջոցառման ընթացքում կցուցադրվեն Արցախից տեղահանված մեր հայրենակիցների ձեռքի աշխատանքները։ Ցուցադրության ընթացքում կլինի նաև ցուցահանդես-վաճառք, որը ո՛չ միայն հնարավորորություն կտա մասնակիցներին  վաստակելու իրենց աշխատանքների արդյունքները, այլ նաև խթան կհանդիսանա նրանց էլ ավելի ներգրավմանը հետպատերազմյան  կյանքին։

Համերգից  ստացված հասույթով միջոցառման կազմակերպիչները նախատեսում են նաև երաժշտական գործիքներ  ձեռք բերել Հադրութից և Շուշիից տեղահանված ու Հայաստանի տարբեր մարզերում և քաղաքներում բնակվող այն երեխաների համար, ովքեր ուսանել են Արցախի Հանրապետության երաժշտական դպրոցներում և հիմա երաժշտական գործիքների կարիք ունեն։


© 2009 ARMENPRESS.am