Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանին
18:17, 3 Օգոստոս, 2021ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն օգոստոսի 3-ին հեռախոսազրույց է ունեցել Տոկիոյում ընթացող ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանի հետ:
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանի նվաճած բրոնզե մեդալը Հայաստանի օլիմպիական հավաքականի առաջին մեդալն էր Տոկիոյի օլիմպիական խաղերում, ինչպես նաև Հայաստանի անկախությունից ի վեր առաջին օլիմպիական մեդալը մարմնամարզությունից։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հանրապետության նախագահը ջերմորեն շնորհավորել է Արթուրին մեր երկիրը պատվով ներկայացնելու համար, մաղթել նրան նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:
Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը օլիմպիական մարզադաշտում հետևել էր մարմնամարզիկ Արթուր Դավթյանի առաջին մրցելույթին, որի ժամանակ մեր մարզիկը հաջողությամբ հաղթահարել էր հենացատկի որակավորման փուլը:
© 2009 ARMENPRESS.am