Խախտումներ կաթնամթերքի շուկայում. տեսչական մարմինը ստուգումներ կանցկացնի 40-ից ավելի արտադրողի մոտ

14:41, 4 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն առաջիկայում ստուգումներ է իրականացնելու 40-ից ավելի կաթնամթերք արտադրող ընկերություններում:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը տեղեկացրեց, որ արդեն աշխատանքները մեկնարկել են ու երկու ընկերությունում արտադրական գործունեությունը կասեցնելու որոշում է կասեցվել:

«Խախտումները բազմաթիվ են ու բազմաբնույթ. արտադրական տարածքների ոչ պատշաճ վիճակ, մաքրման, ախտահանման աշխատանքների թերի իրականացում, հանդերձարանների ոչ պատշաճ կահավորվածություն, սանհանգույցների բացակայություն կամ եղածի ոչ պատշաճ վիճակ և այլն: Հումքի ընդունումից մինչև պատրաստի արտադրանքի թողարկում. այս ամբողջ շղթայում արձանագրել ենք նման իրավիճակ: Խախտումներ գրանցվել են թե´ պահեստներում, թե´ հումքի մթերման փուլում և այլն: Այդ ամենը հիմք են, որպեսզի մենք արտադրական գործընթացը կասեցնենք»,- ասաց Վահե Դանիելյանը: Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող երկու ընկերության գործունեությունը կասեցնելու որոշումից հետո ընկերություններից մեկը թերությունները վերացրել է և կասեցումից հանվել: Մյուս ընկերության դեպքում դեռ չեն իրականացվել այն հանձնարարականները, որոնք տրվել են տեսչական մարմնի կողմից: Բացերը լրացնելուց, թերությունները շտկելուց հետո ընկերությունը կդիմի տեսչական մարմին, ինչից հետո ստուգումների արդյունքում համապատասխան որոշում կկայացվի: Վահե Դանիելյանը նշեց, որ սահմանափակումներին զուգահեռ կիրառում են նաև վարչական պատասխանատվության միջոցներ:

Առաջիկայում ստուգումները շարունակվելու են այլ ընկերություններում ևս՝ ներառելով ինչպես փոքր և միջին արտադրողներին, այնպես էլ խոշոր կազմակերպությունները: Տեսչական մարմնի աշխատողների ուշադրության կենտրոնում են լինելու նաև պաղպաղակ արտադրողները: Ստուգումների համար ինչպե՞ս են ընտրվում արտադրողները: Վահե Դանիելյանը նշեց, որ ունեն ռիսկերի վրա հիմնված մեթոդաբանություն: Այն տնտեսավարողների մոտ, որտեղ ռիսկը բարձր է, տեսչական մարմինը ստուգումներ կիրականացնի: Հաշվի են առնվում նաև քաղաքացիներից եկած ահազանգերը: Այս փուլում կաթնամթերքի շուկայում մեծածավալ ստուգումներ իրականացնելը ինչպես կապված է սեզոնի հետ (ամռան շոգին ռիսկերը մեծանում են) այնպես էլ ունեցած փորձն ու ահազանգերը:

Անդրադառնալով ընդհանուր կաթնամթերքի ոլորտում առկա իրավիճակին՝ Վահե Դանիելյանը նշեց, որ վիճակը բավարար է, սակայն շատ անելիքներ կան: Մասնագետն ընդգծեց, որ ամեն դեպքում զերծ են մնալու կտրուկ քայլերից:

«Ասում են, թե ինչու պետք է լինեն փոքր և միջին արտադրամասեր, ինչու միանգամից չեք կասեցնում դրանց գործունեությունը և այլն: Դա կբերի տնտեսական կոլափսի, ինչո՞ւ չէ, պարենային անվտանգության խնդիրների: Այդ խնդիրների լուծումները մենք հիմա փուլային ենք իրականացնում, միաժամանակ մարդու կյանքին և առողջությանը սպառնացող վտանգին առնչվող ռիսկը միանշանակ գտնվում է մեր ուշադրության կենտրոնում: Դրա համար մենք վերահսկողությունն իրականացնում ենք թիրախավորված»,- ասաց մասնագետը:

Վահե Դանիելյանը նկատեց, որ մրցակցությունը հանգեցրել է նրան, որ խոշոր ընկերություններում կան նորմալ սանիտարահիգիենիկ պայմաններ: Չնայած դրան՝ քննարկումներով, ցուցումներով, առաջարկություններով, շտկումներով փորձում են աշխատանքը հասցնել միջազգային մակարդակի:


© 2009 ARMENPRESS.am