Ռազմաքաղաքական իրադրությունը մեզ թույլ չի տալիս նիստում այլ հարցերի վրա այդքան ժամանակ ծախսել. պատգամավոր

17:54, 5 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը դժգոհեց ԱԺ-ում քննարկվող հարցերից՝ շեշտելով, որ նիստերի դահլիճից ներս և դուրս առկա է հակադրվող իրականություն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Աբրահամյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ նիստում խմբակցության անունից ելույթում՝ ԱԺ փոխնախագահի պաշտոնում արդեն երրորդ անգամ Իշխան Սաղաթելյանի թեկնածության հարցի քննարկմանը:

«Արդեն պարզ է, թե ինչու է ձգձգվում այս գործընթացը, իրականում որ կողմն ինչի է ուզում հասնել, քաղաքական ուժերն ինչ իրական նպատակներ ունեն, որին փորձում են հասնել կամ չեն կարողանում: Մենք իրականում այս դահլիճի ներսում և դրսում ունենք լրիվ այլ իրականություն՝ հակադրվող իրականություն: Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված այս ռազմաքաղաքական իրադրությունը մեզ թույլ չի տալիս գալ և այս հարցերի վրա այդքան մեծ ժամանակ ծախսել»,- ասաց Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ իրենց խմբակցությունը նվազագույնի է հասցրել իրենց ելույթները, հարցադրումները՝ ոչ թե ասելիքի բացակայության պատճառով, այլ, որովհետև գիտակցում է, որ կա գործընթաց, որը պետք է տանել, արագ վերջացնել և անցնել այն հիմնական խնդիրներին, որ առկա են:

Աբրահամյանը հիշեցրեց Հայաստանի գլխավոր օրակարգը՝ հետպատերազմյան Արցախում և Հայաստանում ճգնաժամի հաղթահարումը, բանակի մարտունակության վերականգնումը և Հայաստանի համար անվտանգ միջավայրի ստեղծումը: «Իրականում մենք այսօր բավականին խորը խնդիրներ ունենք»,- նշեց նա:

ԱԺ-ն երկու անգամ ԱԺ փոխնախագահի պաշտոնում չընտրեց Իշխան Սաղաթելյանին: Առաջին քվեարկությանը չբավարարեց մեկ ձայն, մեկ քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել: Երկրորդ քվեարկությանը Սաղաթելյանը ստացել էր  49 կողմ, 49 դեմ ձայներ, 5 քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել: Իշխանական ՔՊ-ն խոստացել էր ապահովել անհրաժեշտ նվազագույն ձայներ՝ Սաղաթելյանի ընտրության համար: Իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց են մեղադրում՝ ընտրությունը տապալելու համար: Խորհրդարանն արդեն երրորդ անգամ է քննարկում ԱԺ փոխնախագահի պաշտոնում Սաղաթելյանի ընտրության հարցը:


© 2009 ARMENPRESS.am