Վազգեն Թևանյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից. Հայաստանը Տոկիոյից կվերադառնա 4 մեդալով

14:01, 6 Օգոստոս, 2021

ՏՈԿԻՈ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը զրկվեց Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վազգեն Թևանյանն առաջին գոտեմարտում պարտվել էր Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի հավաքականի անդամ Հաջիմուրադ Ռաշիդովին և հնարավորություն կստանար պայքարելու բրոնզե մեդալի համար, եթե Ռաշիդովը դուրս գար եզրափակիչ: Սակայն կիսաեզրափակիչում Ռաշիդովը պարտվեց Ճապոնիան ներկայացնող Տակուտո Օտոգուրոյին: Թևանյանը զրկվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտից:

Հայաստանը 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում նվաճել է 4 մեդալ: Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը և հունա-հռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նվաճել են արծաթե, իսկ մարմնամարզիկ Արթուր Դավթյանն ու բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը՝ բրոնզե մեդալներ:

Հայաստանը ներկայացնող մարզիկներն ավարտել են իրենց ելույթները Տոկիոյի Օլիմպիական խաղերում: 

Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը կեզրափակվեն օգոստոսի 8-ին:

 


© 2009 ARMENPRESS.am