Լիտվայի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

19:43, 6 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի վարչապետ Ինգրիդ Սիմոնիտեն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորական ուղերձում ասված է.

«Կցանկանայի հղել ամենաջերմ շնորհավորանքներս՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր վերանշանակման կապակցությամբ:

Ընտրողների կողմից վերջին ընտրություններին Ձեզ տրված մանդատը ցույց տվեց հայ ժողովրդի զորավոր աջակցությունն այն բարեփոխումներին, որոնք ձեր երկիրը ձեռնարկել էր վերջին մի քանի տարիների ընթացքում: Չկա այլընտրանք ժողովրդավարական սկզբունքներին և բարեփոխումներին` բարգավաճ, ապահով և ժողովրդավար Հայաստան կառուցելու մղման մեջ: Թույլ տվեք վերահաստատել Լիտվայի՝ Հայաստանին այս ճանապարհին աջակցելու վճռականությունը: Լիտվան մշտապես ոգևորված է եղել Հայաստանի և  մնացյալ Եվրոպայի միջև առավել ամուր կապերով: Այս տարի ուժի մեջ մտած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կնքումը կարող է հայ հասարակությանը բերել ժողովրդավարության առավել բարձր չափանիշներ` առավել կանաչ միջավայր, ինչպես նաև բիզնեսի և կրթության ավելի լավ հնարավորություններ: Վստահ եմ, որ ձեր երկրի առաջընթացը, ինչպես նաև երկարաժամկետ նպատակները կհաստատվեն աշնանը կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում:

Լիտվան վայելում է Հայաստանի հետ բարեկամական հարաբերություններ: Այս տարի նշելով Լիտվայի՝ որպես Հայաստանի անկախությունը ճանաչած աշխարհում առաջին պետության և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, մենք վճռական  ենք շարունակելու ամրապնդել մեր  ժողովուրդների միջև առավել ամուր կապերն ու բարեկամությունը: Համոզված եմ, որ առկա են բազմաթիվ հնարավորություններ և խթաններ՝ մեր երկու երկրների միջև բիզնեսի, մշակույթի և այլ ոլորտներում հարաբերությունների հետագա զարգացման համար: Վստահ եմ, որ գործընկերությունը, փոխվստահությունը և շահավետ համագործակցությունը Լիտվայի և Հայաստանի միջև կշարունակեն առաջ ընթանալ առավել բարեկամական ոգով: Հուսով եմ, որ մեր հարաբերությունները կարող են ավելի ամրապնդվել մոտ ապագայում՝ Լիտվա ձեր այցով:

Մաղթում եմ Ձեզ և ձեր կառավարությանն ամենայն հաջողություն ձեր նախաձեռնություններում: Ընդունեք խնդրեմ խորին հարգանքիս հավաստիքը»:

 


© 2009 ARMENPRESS.am