Պատգամավորը ներկայացրեց մի շարք առաջարկություններ՝ ուղղված պաշտպանության ոլորտի բարեփոխումներին

14:17, 9 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Անդրանիկ Քոչարյանի կարծիքով` Հայաստանի անվտանգային միջավայրի արմատական փոփոխությունների պայմաններում ավելի կարևոր է խոսել ոչ թե արվածի կամ չարվածի մասին, այլ կենտրոնանալ երկրի նոր անվտանգային միջավայրի ստեղծման վերաբերյալ պատկերացումների վրա և նախանշել անելիքները մոտակա կարճաժամկետ և միջնաժամկետ ժամանակահատվածներում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Անդրանիկ Քոչարյանն իր ելույթում նշեց, որ հանձնաժողովը ապագա գործունեության ընթացքում պետք է հիմնվի հետևյալ դրույթների և մոտեցումների վրա:

«Նախ և առաջ ազգային անվտանգությունը պետք է դիտարկվի որպես ժողովրդավարական և զարգացած հասարակության գործառույթներ: Երկիրը, որը չունի հարուստ բնական պաշարներ, որը մշտապես բախվում է տարբեր բնույթի սպառնալիքների, այդ թվում` տնտեսական շրջափակման, հարկադրված է մշտապես փոփոխվել, որպեսզի պահպանի արդյունավետ կառավարման և զարգացման հնարավորությունները: Օգտագործելով թե ներքին, թե սփյուռքի ինտելեկտուալ պոտենցիալը՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա գիտության և տեխնոլոգիաների ինկուբատոր, ուստի անհրաժեշտ եմ համարում առաջնային ներդրումներ կատարել կրթության և տեխնոլոգիաների բնագավառների զարգացման մեջ»,- ընդգծեց Քոչարյանը:

Պատգամավորն անհրաժեշտ է համարում կառավարության, անվտանգության խորհրդի քարտուղարության Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովի ներգրավվածությամբ կազմել  մասնագիտական աշխատանքային խումբ, բազմակողմանի ուսումնասիրել 2020 թվականին ընդունված Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը և առաջարկել իրավիճակին համապատասխան փոփոխություններ և լրացումներ:

«Միաժամանակ, ռազմական դոկտրինի տեսակետից որպես հիմնական ռազմավարական նպատակ, առաջարկում եմ դիտարկել տարածաշրջանային և միջազգային արդյունավետ համագործակցությունը որպես պատերազմի կանխման և զսպման միջոց: Վերակառուցել զինված ուժերը՝ դրանք մոտեցնելով գիտական ներուժ ունեցող անձնակազմի տեխնիկայի և սպառազինության թվաքանակին ու հաստիքային կառուցվածքին: Վերանայել զինված ուժերում կիրառման դրված մարտական փաստաթղթերն ու մարտական կանոնագրքեր՝ ներառելով դրանցում ժամանակակից ռազմական գիտության ու ռազմարվեստի տեսության պահանջները»,- ասաց Քոչարյանը:


© 2009 ARMENPRESS.am