Հունաստանի վարչապետը հայտնել է երկրի տարբեր շրջաններում մի քանի օրում 586 հրդեհի բռնկվելու մասին

21:56, 9 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանում արդեն մի քանի օր է ինչ մոլեգնում են լայնածավալ հրդեհները. երկրի տարբեր շրջաններում բռնկվել է 586 հրդեհ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին՝ դիմելով ժողովրդին, հայտնել է երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը:

«Վերջին օրերը մեր երկրի համար ամենածանրերից մեկն են եղել վերջին տասնամյակներում: Մենք շարունակում ենք պայքարել կրակի դեմ: Բայց մեր առջև աննախադեպ մասշտաբների տարերային աղետ է. մի քանի օրում Հունաստանի բոլոր անկյուններում 586 հրդեհ է բռնկվել։ Այս հրդեհները, որոնք առաջացել են անոմալ շոգի ու երկար ամիսների երաշտից հետո, շատ դժվար է հանգցնել»,- նշել  Միցոտակիսը:

Նա շնորհակալություն է հայտնել այն երկրներին, որոնք իրենց օգնությունն են առաջարկել Հունաստանում բնական հրդեհների դեմ պայքարում:

Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի՝ Հունաստանի հրշեջ ծառայությունից էլ հայտնել են, որ 10 հոգի ձերբակալվել է անտառներն ինչպես մտադրված, այնպես էլ հանկարծակի հրկիզելու կասկածանքով:

Ազգային պարկեր, անտառներ ու բնության գիրկ գնալու արգելքը Հունաստանում երկարացվել է մինչև օգոստոսի 13-ը:

 


© 2009 ARMENPRESS.am