Կարմիր խաչի շարժիչ ուժը` կամավորներ

13:33, 11 Օգոստոս, 2021

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական Կարմիր խաչի ընկերությունը բաց կազմակերպություն է, և նրան կարող  է անդամագրվել և որպես կամավոր գրանցվել․ ցանկացած անձ։  Կամավոր է համարվում այն անձը, ով ցանկություն է հայտնել անշահախնդիր ծառայություններ մատուցել տվյալ կազմակերպությանը։

Ներկայումս Հայկական Կարմիր խաչի ընկերությունն ունի կամավորների հոծ բանակ, որոնք մասնակցում են տարաբնույթ   ծրագրերի իրականացմանը՝  ուղղված խոցելի և կարիքավոր մարդկանց կարիքների բավարարմանը: Կամավորների շնորհիվ է, որ ՀԿԽԸ իրականացրել, և շարունակում է իրականացնել իր մարդասիրական առաքելությունը։

«Արմենպրես»-ի փոդքաստ նախագծի հյուրերն են Հայկական  կարմիր խաչի ընկերության կամավորներ Անի Գալոյանը,  Անժելիկա Հակոբյանը, Գոռ Պապոյանը։

Բարև ձեզ։

-Եկեք առաջնահերթ խոսենք թե ինչպես դու՛ք որոշեցիք համալրել կամավորների շարքերը:   Ի՞նչը խթան հանդիսացավ, և  որն էր հիմնական մոտիվացիան և նպատակը։ Գոռ խնդրեմ։

-Արդեն մեկ տարվա կամավոր եմ, մինչև անդամագրվելը մտածում էի փորձել ինձ մեկ այլ միջավայրում։ Ընկերս արդեն իսկ կամավոր էր և ինձ խորհուրդ տվեց միանալ իրենց թիմին։ Եվ մեկ տարի անց գիտակցում եմ, որ իսկապես շատ մեծացել եմ,  կյանքի նոր հմտություններ եմ ձեռք բերել՝ աշխատանքային, ֆիզիկական, մտավոր։ Կամավորությունը դարձել է իմ առօրյայի անբաժանելի մաս։

-Անի,իսկ դու՞ք։

-Արդեն երեք տարի է ինչ կամավոր եմ։ Մեծ քույրս կամավոր էր, և ես չէի էլ գիտակցում, թե դա իրենից ինչ է ներկայացնում։ Ինձ հետաքրքրեց այն, որ Հայկական կարմիր խաչի ծրագրով խոցելի խմբի երեխաների հետ դասընթացներ էր վարում։ Եվ ես էլ որոշեցի քրոջս օրինակով փորձել ուժերս և ինչ-որ կերպ օգտակար լինել։ Միացա նրանց խմբին և արդեն մաթեմատիկայի խմբի լիդեր եմ։

 

Անի, ի՞նչ ծրագրերի եք մասնակցել մինչ օրս։ Ինչ բնույթի աշխատանքներ եք կատարում։

Հայկական կարմիր խաչի ընկերությունում մասնակցել եմ երեխաների կայուն զարգացման ծրագրին։ Հատուկ պարապմունքներ ենք անցկացնում    դպրոցներում, որոնց ընթացքում խոսում ենք թե ինչ է կամավորությունը, ընկերությունը, բռնությունը։ Հոգեբանական խաղեր քննարկումներ, բեմականացումներ ենք կազմակերպում և փորձում ենք ավելի շատ երեխաների ընդգրկել։ Ունենք ծրագիր մշակված Սիրիայից Երևան տեղափոխված երեխաների համար։ Փորձում ենք ինտեգրել նրանց մեր շրջապատին և սովորություններին։ Վերջին շրջանում էլ հոգեբանական խաղային աջակցություններ կազմակերպեցինք Արցախից Երևան տեղափոխված երեխաների համար։ Բացի դրանից ակտիվ կամավոր եմ  «Սմայլ քլաբ»-ում։

-Անժելիկա իսկ դու՞ք

-Ես էլ 2019 թվականից գրանցվել եմ կարմիր խաչում որպես կամավոր։ Օրվա մեջ բավականին ժամանակ ազատ էի և որոշեցի մի բանով լրացնել։ Ու լավագույն տարբերակը, ըստ իս, կամավորությունն էր։ «Սմայլ քլաբ»-ում ինֆորմացիոն խմբի լիդեր եմ։

- Որոնք են այն հիմնական ոլորտները որի շրջանակներում ծավալվում է ձեր գործունեությունը։ Ի՞նչ է տալիս այդ աշխատանքը ձեզ առհասարակ։

Գոռ

-Հիմնական ուղղություններն են առողջապահությունը, սոցիալ-հոգեբանականը, աղետների կառավարումը, առաջին օգնության բաժինը, երիտասարդական բաժինը։

Անցյալ տարին շատ ծանր շրջան  էր մեր երկրի համար, սկզբում վրա հասած համավարակը,  աjնուհետև Արցախյան հակամարտության սրացումը։ Եվ մենք ականատես եղանք, թե ինչպես բոլորը մեկ բռունցք դարձած՝ փոքրից մինչև մեծ, մոբլիզացնելով ուժերը փորձում էին ամեն կերպ օգտակար լինել այդ դժվարին իրավիճակում։ Դու՛ք ի՞նչպես արձագանքեցիք այդ մարտահրավերին։ 

Անժելիկա

Համավարակի հենց առաջին իսկ օրից շատ ակտիվ գործունեություն ենք ծավալել։ Սկզբում իրականացվեցին իրազեկման ակցիաներ, որի նպատակներ մանրամասն ներկայացնել հանրությանը, թե ինչ է իրենից ներկայացնում COVID-19-ը, որոնք են պահպանման կանոնները։ Դրսում, տեղակայվելով քաղաքի տարբեր վայրերում, անցորդներին տրամադրում էինք ինֆորմացիոն թերթիկներ, դիմակներ և ձեռնոցներ։

 

Գոռ

-Երկրորդ փուլում իրականացրել ենք օգնություն մեկուսացվածներին։ Երևանում և մարզերում ունեցել ենք մեծ պահեստներ, որտեղ տեղում տեսակավորվել և փաթեթավորվել ենք բոլոր անհրաժեշտ իրերը՝ բաղկացած սննդից և առաջին անհրաժեշտության իրերից, և հնարավորինս արագ փորձել ենք հասցնել բոլոր մեծահասակներին և մեկուսացվածներին։

Ինֆորմացիոն օգնություն ենք ցուցաբերել՝ օգնելով բժիշկներին արյունաբանական կենտրոնում, որտեղ այդ օրերին շատ բազմամարդ էր և հերթեր էին գոյանում։ Մարդկանց ծանոթացնում էինք արյուն հանձնելու կարգին և նախապատրաստական աշխատանքներին։

 ւ՞նեք արդյոք կամավորական խմբեր մարզերում։

Գոռ

-Այո, ունենք և կապի մեջ ենք մշտապես։ Համավարակի ժամանակ մարզերում նույնպես ցուցաբերվել է ինֆորմացիոն և առաջին անհրաժեշտության օգնություն։  Կատարվել է այցեր և տնային հատուկ ախտահանման միջոցառումներ։

Իսկ ի՞նչ օգնություն եք ցուցաբերել Արցախյան հակամարտության հետևանքով Երևան տեղափոխվածներին։

Անի

-Արցախյան պատերազմից տուժած ընտանիքներին ցուցաբերվել է  օգնություն  ըստ անհրաժեշտության։ Կազմակերպվել է հոգեբանների այցելություններ, երեխաների հետ վարել ենք հոգեբանական խաղ-դասընթացներ։ Տրամադրվել են առաջին անհրաժեշտության իրեր, դեղորայք, սննդային փաթեթներ։

-Կամավորական աշխատանքի մեջ շատ մեծ դեր ունի թիմային աշխատանքը։ Ու՞նեք ձևավորված թիմ։

-Անի

ԿԽԸ երիտասարդական ծրագրերից մեկում  «Սմայլ քլաբ»-ում մաթեմատիկայի խմբի լիդերն եմ։ Եվ ես իմ թիմի կամավորների հետ այցելում եմ հանրակացարաններ օգնում երեխաներին դասապատրաստման հարցում։

-Ի՞նչ է տալիս ձեզ կամավորությունը առհասարակ։

-Անժելիկա

Կամավորությունը տալիս է մեծ փորձ, հմտություններ, ինքնավստահություն, դառնում ես ավելի սթափ և սթրեսադիմացկուն։  Կյանքը սկսում ես ընկալել իր լավ և վատ կողմերով։ Եվ որ ամենակարևորն է, ձեռք ես բերում լավ ընկերներ։

 

Գոռ

Կամավորությունը  մեր կյանքի անբաժանելի մի մասն է կազմում։ Դարձել է ապրելակերպ ։ Եվ կարծում եմ, որ ամբողջ կյանքում այդպես էլ լինելու է։ Եվ կոչ եմ անում իմ տարեկիցներին  միանալ կամավորական խմբերին, մաս կազմել այդ շարժման և երբևէ անտարբերություն չցուցաբերել այլոց նկատմամբ՝ դժվարին իրավիճակներում։

 -Շնորհակալ եմ որ եկաք և կիսվեցիք ձեր փորձով։  Կամավորությունը իսկապես նվիրական աշխատանք է, և շատ իրավիճակներում, գրեթե անհնարին է ցանկալի արդյունք ունենալ՝ առանց ձեր իսկ մասնակցության։  

 

Զրույցը վարեց Տաթև Զաքարյանը։  


© 2009 ARMENPRESS.am